Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱԿ-ի դեսպանը զգուշացնում է Հայոց ցեղասպանության ժխտման վտանգների մասին

Քաղաքականություն
index7

ՄԱԿ-ը հիշատակում է Ցեղասպանության հանցագործության զոհերի արժանապատվության միջազգային օրը Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգներում Հոլոքոսթի հիշատակի թանգարանում Հոլոքոսթը վերապրած, հեղինակ, Նոբելյան խաղաղության մրցանակակիր, իրավապաշտպան Էլի Ուիզելի (1928-2016թթ.) հիշատակության արարողության ժամանակ Միավորված ազգերի կազմակերպությունում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը մտահոգություն է հայտնել Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ: Ամերիկայի երկրորդ բարձրաստիճան դիվանագետ Փաուերը Փուլիցերի անվան մրցանակակիր լրագրող է, ով գրել է Հայոց ցեղասպանությանն ԱՄՆ-ի արձագանքի մասին նախքան պաշտոն ստանձնելը: Անդրադառնալով Էլի Ուիզելի «Գիշեր» գրքին, Փաուերն ասել էր. «Իսկապես, հավանաբար ոչ մի այլ աշխատանք այդքան բան չէր արել` ճեղքելու լռությունը, որ նախկինում պարուրել էր վերապրածներին, և լույս սփռելու «Գիշեր»-ում պատահած դեպքերին, որպեսզի բոլորը տեսնեն: Եվ այնուամենայնիվ: Անարդարությունը դեռ ամենուր էր: Հայերի նկատմամբ ցեղասպանության ժխտումը, իր կյանքի օրոք պատահած սարսափները՝ Փոլ Փոթի ռեժիմ, Բոսնիա, Ռուանդա, Դարֆուր, Սիրիա՝ նրա վերջին տարիներին: Նա վերապրեց՝ տեսնելու ավելի ու ավելի շատ մարդկանց աննկարագրելի վայրագությունների վկա լինելը, բայց նա նաև տեսնում էր, որ անտարբերությունը դեռևս շատ տարածված էր»: Ավելի վաղ այս շաբաթ առաջատար լրատվամիջոցները հաղորդել էին, որ նախագահ Օբամայի ՄԱԿ-ի հատուկ բանագնացը վկայակոչել էր Հայոց ցեղասպանությունը Ուիզելի հիշատակության ժամանակ՝ հարց բարձրացնելով՝ «Արդյոք Օբամայի վարչակազմն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում հայերի սպանդը լուռ ճանաչել է որպես ցեղասպանություն»: Պատմությունը հաղորդել էր Associated Press (AP) գործակալութունը, և վերցվել էր այլ լրատվականների, այդ թվում՝Washington Post, New York Times, McClatchyDC, ABC News, Yahoo News պարբերականների կողմից: «Մեծ հարգանք եմ տածում Սամանթա Փաուերի նկատմամբ՝ որպես գիտնականի և հրապարակախոսի և ինձ քաջալերեց այն, որ նա դատապարտեց Հայոց ցեղասպանության ժխտումը», - հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, ով 2005թ. Կալիֆորնիայում մի միջոցառման ժամանակ իր ելույթում ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը և այնուհետև արդյունքում նա հետ էր կանչվել: Ավելի վաղ այս տարի դեսպան Էվանսի «Գերեվարված ճշմարտություն» գիրքը տպագրվեց և առաջինը լույս տեսավ Լոս Անջելեսում: Դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ի կողմից հռչակված Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն է, որը 2015թ. նախաձեռնել էր Հայաստանը և պայմանավորված էր 1948թ. ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիայի տարելիցի հետ: Իրավաբան և Հոլոքոսթը վերապրած Ռաֆայել Լեմկինը, ով հեղինակել է «ցեղասպանություն» եզրույթը, բազմիցս հիշատակել էր Հայոց ցեղասպանությունը և Հոլոքոսթը որպես ցեղասպանության հանցագործության նախատիպեր: Լեմկինն անխոնջ աշխատել է ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիայի ընդունման ուղղությամբ, որը Միացյալ Նահանգները վավերացրեց 1988թ.: Մենք ողջունում և աջակցում ենք միջազգային հանրության և Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետությունների ջանքերն ուղղված հետագա ցեղասպանությունների կանխարգելման օրակարգն առաջ քաշելուն՝ այդ թվում` այս զազրելի հանցագործության զոհերի հիշատակությամբ և նրանց արժանապատվությունը հարգելով¦, - հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը՝ Միավորված ազգերի կազմակերպությունում ՀՀ դեսպանը, ով ՄԱԿ-ում դեկտեմբերի 9-ի հիշատակի միջոցառման քննարկման հիմնական մասնակիցներից էր: Դեկտեմբերի 9-ն անցյալում անգործության մեր հավաքական մեղքի հիշեցում է: Դեկտեմբերի 9-ն իրազեկելու և ցեղասպանության վտանգների, Կոնվենցիայի, դրա նպատակների ու նշանակության մասին կրթությունը խրախուսելու գործառույթ է կատարում: Դեկտեմբերի 9-ը հարթակ է առաջ քաշելու և խթանելու մեր կոլեկտիվ երկխոսությունը բարոյական և քաղաքական հրամայականների շուրջ՝ հետևողականորեն մշակելու կանխարգելման ազգային և միջազգային ուժեղ և արդյունավետ համակարգ ... Մենք պարզապես չենք կարող շեղվել մեր հանձնառությունից՝ կանխելու, որպեսզի չմոռանանք, որ մենք պարտավորված ենք զոհերի և մեր հավաքական խղճի առջև¦, - նա շարունակել է: «Միավորված ազգերի կազմակերպության կողմից ցեղասպանության հանցագործության զոհերի արժանապատվության հիշատակմամբ՝ մենք միասնական ենք մեր վճռականությամբ` կանխելու հետագա ցեղասպանությունները», - հայտարարել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Այս օրը Համագումարը ևս կրկնում է Փաուերի ցեղասպանության ժխտման վտանգի մասին նախազգուշացումը և Ձեր ուշադրությունն է հրավիրում նոր հրապարակված զեկույցին՝ 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից  իրականացված վայրագությունների վերաբերյալ», - հավելել է Արդունին: Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, ոչ կուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը:  Համագումարը 501(c) (3) կարգավիճակով անդամակցական կազմակերպություն է: