Խոշտանգումների դեպքերը Հայաստանում մնում են անպատիժ. իրավապաշտպաններ (տեսանյութ)
Ոստիկանության բաժանմունքներում, կալանավայրերում, զորամասերում, խաղաղ հավաքների ժամանակ քաղաքացիները խոշտանգվում են իրավապահների կողմից։ Այս իրավիճակը հայաստանցի իրավապաշտպանները ներկայացրել են նոյեմբերի 23-ից 24-ը՝ Ժնևում կայացած ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի նիստին։ Ներկա են եղել նաև Հայաստանի կառավարության ներկայացուցիչները։ «Հայաստանի կառավարությունը պարտվեց քաղաքացիական հասարակությանը։ Կողմնակի օբյեկտիվ դիտորդները գնահատեցին, որ մենք՝ քաղաքացիական հասարակությունը ճշմարտացի է և Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները չկարողացան բռնել քննությունը»,- ասում է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։ Ամեն տարի այս հավաքից հետո Հայաստանի կառավարությունը բավարար ջանք չի գործադրում իրավապահների կողմից խոշտանգումները պատժելի դարձնելու համար։ Արձանագրում են իրավապաշտպանները։ Փաստաբան Հայկ Ալումյանը խոսում է փաստերով։ Նախորդ տարվա դեկտեմբերից ձերբակալված, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն արդեն 8 ամիս ԱԱԾ-ի մեկուսարանում է, չնայած ծանր հիվանդությանը։ Նա զրկված է ինչպես լոգանքի հնարավորությունից, արևի լույսից, այնպես էլ բավարար բուժօգնությունից։ «Վահան Շիրխանյանն ստացել է 4000 դեղահաբ, իր առողջական վիճակը ոչ միայն չի բարելավել, այլ ամեն օր գնալով վատանում է։ Եթե սա չի խոշտանգումը, ապա ո՞րն է։ Մեր աչքի առաջ հանրապետությունում ճանաչված, մեր պետության կայացման հարցում մեծ դեր խաղացած և իշխանությունների համար ոչ պիտանի դարձած անձը դանդաղ սպանվում է»,- ասում է փաստաբան Հայկ Ալումյանը։ Հայաստանում քաղաքացիները շատ հաճախ խոշտանգվում են խաղաղ հավաքների ժամանակ և բերման ենթարկվելուց հետո՝ ոստիկանության բաժանմունքներում։ Բռնություններով աչքի են ընկել 2015 թվականին գյումրեցի Ավետիսյանների սպանությունից հետո Երևանում հավաքները, ինչպես նաև Էլեկտրիկ Երևանի ցույցերը։ Խոշտանգման դեպքերով աննախադեպ էին ոստիկանական գործողություններն այս տարվա հուլիսին՝ Սասնա ծռերի գործողությունից հետո։ «Հիմնական խնդիրը անպատժելիության մթնոլորտն է, որովհետև ոստիկանությունը Հայաստանում գործում է ոչ թե օրենքով, այլ ցուցումով։ Իսկ ով որ ցուցում է տալիս նրանց, նա չի կարող ցուցում տալ, որ պատժողներին պատժեն»,- ասում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ Հայաստանն ընդունել է միջազգային ստանդարտներին մոտ օրենսդրություն. նախատեսելով պատժաչափեր՝ խոշտանգումների դեպքում, սակայն գործնականում օրենքն անկատար է։ Ավելին՝ շատ դեպքերում անձը որևէ փոխհատուցում չի ստանում խախտված իրավունքի համար։ «Նույնիսկ, երբ պետական մարմինը ճանաչում է իրավունքի խախտումը, դա դեռ բավարար չի, որ պաշտպանված լինի մարդու իրավունքը։ Ամբողջանալու համար պետք է նաև տրամադրվի արդարացի հատուցում»,- ասում է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։ Իրավապաշտպանների գնահատմամբ՝ անպատժելիության մթնոլորտը հաղթահարելու համար անհրաժեշտ է ոչ թե նոր օրենքներ ընդունել, այլ եղածներն ի կատար ածել։