ՍԱՊԾ-ն փլուզված կառույց է. նախկին պաշտոնյա (տեսանյութ)
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը փլուզված կառույց է. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ նախկին փոխտնօրեն Գեորգի Ավետիսյանը: Նրա խոսքերով՝ տարիներ շարունակ ՍԱՊԾ-ն կառավարել են մարդիկ, որոնք ոլորտի հետ որեւէ աղերս չունեն՝ ոչ մասնագիտական, ոչ էլ հետագա որակավորման հարցերով: Ըստ Գեորգի Ավետիսյանի՝ ծառայության պետի փոփոխությունից հետո, լաբորատորիայի նոր տնօրենը իրեն տեղեկացրել է, որ ծառայության պետը չի ցանկանում աշխատել իր հետ: Գեորգի Ավետիսյանն էլ ազատման դիմում է գրել: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը, որեւէ հիմնավորում չբերելով, չի ցանկանում ինձ տեսնել փոխտնօրենի պաշտոնում, խնդրում եմ ինձ ազատել այս պաշտոնից: Ինձ թվում էր, որ մեր հրաշք մենեջերները կասեին, որ տվյալ դիմումով հնարավոր չէ աշխատանքից ազատվել, բայց մակագրվել է եւ ազատման հրաման տրվել»,-դիմումից մեջբերում արեց Գեորգի Ավետիսյանը: Փոխտնօրենը իր դիմումը ետ է կանչել, սակայն պատասխան չի ստացել: Նա կոչ է անում պայքարել եւ թույլ չտալ, որ լաբորատորիան լինի ՍԱՊԾ կազմում, ինչպես նաեւ փրկել ծառայությունը: