Գալուստ Սահակյանը կողմ քվեարկեց Զ. Փոստանջյանի նախագծին (տեսանյութ)
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ քառօրյայի սկզբում հայտարարեց, որ եկող տարվա փետրվարին քիչ հավանական է, որ ԱԺ նիստ գումարվի, քանի որ բոլոր պատգամավորները քարոզարշավի են լինելու, այդ նպատակով այս վերջին քառօրյային պետք է մեկ կարեւոր հարց հասցնեն քննարկել. «Մենք ի վերջո մի դարակազմիկ համաձայնության էինք եկել՝ Հյուսիսային Իրաքում եզդիների նկատմամբ 2014թ. առ այսօր ցեղասպանության մասին հայտարարություն ընդունելու մասին: Հարցը նաեւ բարոյական կողմ ունի. եթե այս խորհրդարանը չընդունի այդ հայտարարությունը, մենք բարոյական լուրջ խնդիր կունենանք»: «Կարծում եմ, եթե դա այդքան անհրաժեշտ է, ապա կխորհրդակցեմ հանձնաժողովի նախագահի հետ, կասեմ»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կոչ արեց ուշադրություն դարձնել իր՝ «Ժողովրդի ապստամբության իրավունք»-ի նախագծին. «Թեեւ հանձնաժողովը դրական վերաբերմունք ցույց չի տվել, սակայն կարծում եմ, որ մենք այն պետք է քննարկենք այն, ինչ ամռանը տեղի ունեցավ: Մենք խնդիր ունենք լսելու, թե ինչու ապստամբեցին այդ մարդիկ, ինչու մեր ժողովրդի մի մասը զենք վերցրեց ու պաշարեց ոստիկանությունը: Ապստամբության իրավունքն ու իրացումը ապագայում եւս կարող ենք չբացառել, եթե հաշվի առնենք շուրջ վեց մլրդ-ոց արտաքին պարտքը»: Նրա՝ «Ժողովրդի ապստամբության իրավունք»-ի նախագիծը 27 կողմ, 69 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չընդունվեց: Ի դեպ, ԱԺ նախագահ գալուստ Սահակյանը սխալմամբ սեղմել էր կողմ կոճակը եւ նրա ձայնը հաշվվեց կողմ ձայների մեջ: 30 կողմ, 70 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ նիստերի օրակարգ չանցավ նաեւ Զարուհի Փոստանջյանի մեկ այլ նախագիծ՝ «Լյուստրացիայի մասին» օրենքը: