Կուսակցությունների իրական դեմքը չի փոխվի (տեսանյութ)
Հայաստանյան քաղաքական դաշտում ապագայում պետք չէ սպասել լուրջ փոփոխությունների։ «Կուսակցությունների մասին» նոր օրենքն էլ չի փոխի հայաստանյան քաղաքական ուժերի մեծ մասի էությունն ու բնույթը։ Քաղաքագետ Մանվել Սարգսյանը մեկնաբանում է. «Մենք գործ ունենք խմբավորումների հետ, որոնք չեն զբաղվում կուսակցական գործունեությամբ։ Բայց ցանկանում են անօրինական, անբարոյական տարբեր ծառայություններ մատուցել իրար, գործող համակարգին, և դրանից դիվիդենտներ ստանալ»։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի դիտարկմամբ՝ քաղաքական ուժերն այլ նպատակներ ունեն։ «Կուսակցությունները մտածում են ո՞նց հաճոյանալ իշխանությանը, որ մյուս ընտրությունների ժամանակ անցնեն։ Երբ որ կարգավորվի ընտրական համակարգը ավտոմատ դա կազդի բազմակուսակցական համակարգի վրա»։ Կուսակցությունների մասին առաջարկվող օրենքն ավելի լավը չէ, քան գործողը։ Եթե հիմա պետական գրանցում ստանալու համար կուսակցությունը պարտավոր է նշել, թե ինչ գաղափարախոսության շուրջ է կառուցվել, առաջարկվող կարգավորումներով դա այլևս պարտադիր չի լինի։ Բավարար է ընդամենը նշել, որ քաղաքական ուժը չի փորձելու զենքով իշխանությունը տապալել։ Մանվել Սարգսյանը հետևյալ կերպ է մեկնաբանում այդ սահմանումը. «Պոտենցիալ անօրինական ծառայող է ի հայտ գալիս։ Տարրական բաները, որ կուսակցությունը քրեական խմբավորումից տարբերում է, անգամ այդ կետերը չկան։ Եվ մենք դրա համար մենք ունենք կուսակցություններ, որ 20 տարի չեն էլ մասնակցում ընտրությունների և գոյություն ունեն»։ Հայաստանում դեռ չի կայացել բազմակուսակցական համակարգը։ Դա նաև այն պատճառով է, որ կուսակցություններն իրենք ներքին ժողովրդավարության խնդիր ունեն։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի պնդմամբ՝ այդ խնդրի լուծմանը մոտ կլինեինք, եթե Ազգային ժողով մտնել ցանկացող քաղաքական ուժն իր կուսակցական ցուցակը հաստատեր համագումարով։ «Երբ համագումարում քննարկումներ կլինեն, վեճեր, այնպես չի լինի, որ մեկ անձ է որոշելու։ Դա կխթանի կուսակցությունների ներքին դեմոկրատիան»։ Կուսակցությունների ցածր մրցունակությունը հետևանք է նաև ֆինանսական միջոցների պակասի։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ «Կուսակցությունների մասին» նոր օրենքով պետության աջակցության չափը պետք է մեծացնել։ Խորհրդարան չանցած, բայց ակտիվ քաղաքական ուժերը ևս պիտի աջակցություն ստանան։ «Ռեսուրսը շատ մեծ դեր է խաղում ընտրությունների ժամանակ, և շանս կտա, որ կկատարվի իշխանափոխություն»։ Թղթի վրա ինչ օրենքներ էլ որ գրված լինեն, գլխավորը մնում է մեկ հարց՝ արդյո՞ք իշխանությունն ուզում է անցկացնել ազատ ու արդար ընտրություն։