«Պասիվ կուսակցությունները պետք է ինքնալուծարվեն». Շարմազանով (տեսանյութ)
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է՝ կուսակցությունների խոշորացումն անխուսափելի է։ «Այն կուսակցությունները, որոնք ԱԺ 2 կամ 4 գումարման նստաշրջաններին չեն մասնակցում, ընդամենը թղթի վրա են, պետք է ինքնալուծարվեն։ Եթե քաղաքական կուսակցությունը 15 տարի է՝ չի մասնակցում ԱԺ կամ ՏԻՄ ընտրություններին, ապա իմաստը ո՞րն է այդ կուսակցության»,-նշեց նա՝ «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ։ Շարմազանովի խոսքով՝ սահմանադրական փոփոխություններից հետո մեր երկիրն արդեն թևակոխել է պառլամենտական կառավարման համակարգ, ուստի օրենքում կուսակցությունների տեղի եւ դերի հետ կապված շտկումների կարիք կա։ «Կուսակցությունների արագ կայացման համար մենք պետք է ստեղծենք հավասար հնարավորություններ եւ պայմաններ բոլոր կուսակցությունների համար, ինչպես նաեւ՝ ազատ մրցակցություն բոլոր կուսակցությունների համար»։ Շարմազոնվը միևնույն ժամանակ նշեց, որ պետք է նաեւ որոշակի սահմանափակումներ դրվեն՝ ողջամտության սահմաններում, իհարկե։ «Եթե երկու հոգով որոշել են կուսակցություն բացել, դա ողջամիտ չէ։ Մենք պետք է կարողանանք հասարակական կազմակերպությունը կամ գարեջրի սիրահարների միությունը տարբերել քաղաքական կուսակցությունից»։ Մանրամասները՝ տեսանյութում։