Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միհրան Մովսիսյանը բիզնես չունի. ռետրո (տեսանյութ)

Քաղաքականություն
3-14

2001-ի ձմռանը Հայաստանում ձեւավորվում է ազատամարտիկների հերթական միությունը, երկրապահների եւ ազատամարտի վետերանների միություններից հետո։ « Ճիշտն ասած, ազատամարտիկների մեջ ես չեմ կարող ասել, որ մենք ստեղծելով նոր հասարակական կազմակերպություն, դա տրոհում է, դա նույն ձեւով հակառակը կարելի է ասել՝ համախմբվածություն է»,-ասում է  Ազատամարտիկների եւ կանանց վետերանների միության նախագահ Միհրան Մովսիսյանը, որը  քաղաքական դաշտում այսօր հայտնի Առաքել Մովսիսյանի հորեղբոր որդին է: Ազատամարտիկների եւ կանանց վետերանների միությունը նրա ստեղծած երրորդ հասարակական կազմակերպությունն էր մեկ տարվա մեջ։ «Երբ որ ստեղծվեց հասարակական կազմակերպությունը, ես հիշում եմ, որ 1555-րդը ազատամարտի վետերանների միությունն էր, եւ 1770-ն էլ դարձավ ազատամարտիկների եւ կանանց վետերանների միությունը»,-ասում  է նա։ Այս մեկը Միհրան Մովսիսյանը ստեղծել է նախորդ երկուսի տրամաբանությամբ՝ ազատամարտիկներն անտեսված են իշխանություններից եւ կյանքում: Միհրան Մովսիսյանը տեսնելու է նրանց. «Հանդիպումներ կազմակերպել, միջոցառումներ եւ հիշել նրանց մշտական ընտանիքներում»: Նախորդ կազմակերպությանն, ըստ Մովսիսյանի,  ավելի վաղ արած մի արտահայտության, անդամակցում էր 32 հազար հոգի, մինչդեռ արցախյան պատերազմին մասնակցել էր 10 հազարից մի քիչ ավել մարդ: Ովքե՞ր են մնացած 20 հազարը. «Ազատագրական շարժմանը եթե մասնակցել են մինչեւ 5 հազար ազատամարտիկներ, դա չի նշանակում, որ հասարակական կազմակերպության անդամ պարտադիր պետք է լինեն ազատագրական շարժման մասնակիցներ»: Թիկունքում էլ ազատագրական պայքարին մասնակցողներ եղել, դիցուք կանայք: Նոր կազմակերպության անդամների թիվը սակայն չի անցնում 3 հազար հոգին, ներառյալ՝ կանայք: Ինչ վերաբերվում է միությանն անհրաժեշտ փողին, Միհրան Մովսիսյանը փող չունի, բիզնեսով չի զբաղվել, չի զբաղվում եւ չի զբաղվելու. «Գումարն է ավելի մեծ դեր խաղում, քան մարդու հեղինակությունը, այլ նվիրվածությունը»: Հարցազրույցից ընդամենը մի քանի ամիս առաջ էր Միհրան Մովսիսյանն ազատվել բանտից: Նրան ձերբակալել էին հոկտեմբերի 27-ի առիթով: Նույն առիթով ձերբակալել էին նաեւ նրա հորեղբոր որդի Մուշեղ Մովսիսյանին:  Այսօր Միհրան Մովսիսյանի գործունեությունից գրեթե տեղեկություններ չկան: Որոշ տվյալներով նա Ռուսաստանում է: