Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վահան Շիրխանյանին կալանավայրում աստիճանաբար սպանում են». փաստաբան

Քաղաքականություն
0c325d3c0ab117c58df7ffacd591aa60

«Վահան Շիրխանյանը ձերբակալվել է առողջ, բայց հիմա դարձել է հաշմանդամ» ,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նրա փաստաբան  Հայկ Ալումյանը: Նա երեք օր առաջ է տեսակցել Շիրխանյանի հետ եւ ցնցվել. «Վահան Շիրխանյանն ասաց, որ այս 11 ամիսների ընթացքում, որ նա գտնվում է քրեակատարողական հիմնարկում, ավելի քան 4000 դեղահաբ է խմել, որոնց արդյունքը եղել է այն, որ  նա այսօր չի կարողանում ինքնուրույն շարժվել: Այն հիսուն մետրը, որ նա պետք է անցնի՝ իր խցից տեսակցությունների սրահ հասնելու համար, նրան պետք է մի ձեռնափայտ եւ մի աշխատող, որպեսզի օգնի նրան: Բացի այդ, ես ուղղակի ցնցվեցի, երբ նա ասաց, որ երեք ամիս է՝ լոգանք չի ընդունել, քանի որ լողանալու համար նա պետք է իջնի մեկ հարկ ներքև եւ կանգնի ցնցուցի տակ, ինչն ի վիճակի չէ անել»,-նշեց Ալումյանը: Փաստաբանն ահազանգում է՝ եթե այսպես շարունակվի, ապա Շիրխանյանը կարող է ողջ չմնալ, չհասնել իր դատին: Հայկ Ալումյանն այս ամենում միտում է տեսնում, բայց թե դա արվում է դիտավորյալ, թե քրեակատարողական հիմնարկի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետևանքով, նա չի կարող ասել. «Անցյալ շաբաթ փորձեցինք կազմակերպել Վահան Շիրխանյանի հանդիպումը լրագրողնրեի հետ, որի իրականացման համար օրենսդրական որևէ խոչընդոտ գոյություն չունի, բայց հիշում եք՝ ինչ տգեղ քայլերի դիմեց քրեակատարողական հիմնարկը, որ այդ հանդիպումը չկայանա: Իրենք վախենում էին, որ դուք կտեսնեք, թե ինչ վիճակում է Շիրխանյանը, որովհետև ձեզ համար պարզ կլիներ, որ նրան աստիճանաբար սպանում են»: Փաստաբանը Վահան Շիրխանյանի առողջական վիճակի համար դիմել է ՄԻՊ, արդարադատոթւյան նախարարություն, ինչպես նաեւ քրեակատարողական վարչություն, բայց պատասխան է ստացել միայն ՄԻՊ-ից: «ՄԻՊ-ը որոշում է կայացրել, որով ճանաչել է, որ խախտվել է Վահան Շիրխանյանի  առողջության պահպանման իրավունքը, ինչպես նաեւ՝ առաջարկել նրան անհապաղ տեղափոխել մասնագիտացված հիվանդանոց եւ պահանջել, որ նման խախտումներ թույլ տված անձինք պատասխանատվության ենթարկվեն: ՄԻՊ-ի այդ որոշումը, վստահ եմ, ստացել է նաեւ արդարադատության նախարարությունը, որից առ այսօր պատասխան չկա»,-ասաց Ալումյանը՝ նշելով, որ ՄԻՊ որոշումը ստացել են նոյեմբերի 10-ին: Փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Վահան Շիրխամյանին խոշտանգելու գործով եւ հույս ունի, որ ՄԻԵԴ-ը կստիպի մեր երկրի կառավարությանն անել այն, ինչ նա պարտավոր է անել: Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ձերբակալվել է «Նորք-Մարաշի» գործով: