Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փակվեցին ֆիննախին պատկանող մի շարք ՊՈԱԿ-ներ

Պաշտոնական
unnamed-10-6

Ի կատարումն ՀՀ վարչապետի համապատասխան  հանձնարարականների, պետական կառավարման ապարատի օպտիմալացման  նպատակով, ինչպես նաև պետական կառավարման մարմնին վերապահված գործառույթների արդյունավետ իրականացման և ծախսերի նվազեցման հանգամանքով պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է մի շարք որոշումներ: Եվ այսպես՝ համապատասխան որոշմամբ կլուծարվի  ՀՀ ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ը, և կստեղծվի Գների ուսումնասիրության և վերլուծության  գործակալություն:  Արդյունքում պետական կառավարման մարմնին վերապահված գործառույթը կիրականացվի 15 հաստիքային միավորի հաշվին՝ 36-ի փոխարեն, ինչն էլ իր հերթին կհանգեցնի պետբյուջեի ծախսերի նվազեցման: Մասնավորապես, վերոնշյալ ՊՈԱԿ-ի լուծարման արդյունքում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կնվազեն մոտ 50 մլն ՀՀ դրամով: Կառավարության մեկ այլ որոշմամբ կլուծարվի «Էկոնոմիկա հանդես» ՓԲԸ-ն, որի հիմնական գործառույթն առցանց տարբերակով  (armef.com կայքի միջոցով) տնտեսական, գիտական և վերլուծական հրապարակումներ թողարկելն է. պետբյուջեից այդ նպատակով 2016թ. տրամադրվել է 99312.5 հազար ՀՀ դրամ  սուբսիդիա: Ընկերության գործառույթները կիրականացնի ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմը: Գործադիրի համապատասխան որոշմամբ  կդադարեցվի «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը: Հիմնարկի գործառույթները կանցնեն ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեին: Առաջին փուլով նախատեսվում է 60 մլն ՀՀ  դրամի տնտեսում: Հաշվի առնելով միևնույն գործառույթներն իրականացնող մարզադպրոցների օպտիմալացման վերաբերյալ հանձնարարականը, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության նպատակահարմարության և գործառույթների չկրկնվելու անհրաժեշտությունը՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումներ: Ըստ այդմ, միացման ձևով կվերակազմավորվեն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության  գործող մի շարք ՊՈԱԿ-ներ՝ նույն գործառույթներ իրականացնող վեց մարզադպրոցների թիվը կդառնա երեք: Արդյունքում կտնտեսվի մոտ 20-25 մլն ՀՀ դրամ: