«Մենք բերել ենք ազնիվ բյուջե»
ԱԺ-ում այսօր 2017թ. պետական բյուջեի քննարկմանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նկատեց՝ նախագծով ստացվում է, որ եկող տարի ներդրումները չեն աճելու, հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը եւս նույնն են մնալու. «Ստացվում է՝ մենք ընկնում ենք պարտքային մի փոսի մեջ՝ առանց զարգացման որեւէ հեռանկարի։ Ես ձեզ հարցրել էի՝ այդ պարտքային փոսից դուրս գալու համար տնտեսական քանի՞ տոկոս աճ է պետք, դուք պատասխանել էիք՝ հինգ տոկոս, սակայն ձեր ծրագրում ընդամենը դրված է երեք տոկոս։ Նշանակում է՝դուք այսօր հաստատել եք պարտքային փոսի մեջ խորանալու ծրագիր։ Ես ուզում եմ հասկանալ՝ կառավարությունն իրականում հավատո՞ւմ է իր ջանքերի արդյունավետությանը»։ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ի պատասխան նշեց, որ կարող են եկող տարի ավելի բարձր տնտեսական աճ ծրագրավորել, սակայն դա ռիսկային կլինի. «Ես կարող էի 5 կամ 7 տոկոսանոց տնտեսական աճ դնել, սակայն դա իրատեսական չէր լինի, քանի որ պետք է հաշվի առնենք գլոբալ տնտեսության վիճակը։ Իրատեսական տնտեսական աճը եկող տարվա համար 3.2 տոկոսն է»։ Նախարարի պատասխանից հետեւեց Լեւոն Զուրաբյանի հաջորդ հարցը։ «Այդ դեպքում ինչո՞ւ է այս կառավարությունը վերցրել երկրի ղեկավարման ղեկը, եթե իրատեսական չի համարում տնտեսական ռեալ աճը։ Թող զիջեին մի կառավարության, որն ունի իրատեսական ծրագիր՝ երկիրը զարգացնելու համար»։ Նախարար Արամյանը նշեց, որ չի կիսում Լեւոն Զուրաբյանի տեսակետը՝ կառավարությունը պարտքային փոսից դուրս է գալիս. «Ձեր ասած տարբերակով կլիներ, եթե ես ներկայացնեի մի բյուջե, որը անընդհատ ծախսերը մեծացնում է, բերեի ոչ թե մոտ 3 տոկոսանոց տնտեսական աճ, այլ 4 տոկոսանոց, որպեսզի պոպուլյար երեւայի, ասեի՝ կենսաթոշակները բարձրացնում եմ, մանավանդ դիմացն էլ ընտրություններ են։ Կարճաժամկետ նման ծրագրեր անեի, բա հետո՞։ Հետո ավելի բարդ է լինելու, դրա համար ավելի լավ կլինի ազնիվ լինել, որպեսզի երբ մեկ ուրիշը ինձ փոխարինի, որեւէ խնդրի առաջ չկանգնի։ Ես կարծում եմ՝ մենք բերել ենք ազնիվ բյուջե»։