«Սեյրան ջան, դու զինվորական, կրթված մարդ, դու հո գիտես բանակում ինչ է կատարվում» (տեսանյութ)
ԱԺ քառօրյայում այսօր ՀՀ պաշտպանության ժամանակ, մարտական գործողությունների ընթացքում վնասներ ստացած զինծառայողների փոխհատուցման մասին աղմկահարույց նախագծի քննարկմանը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր ելույթում հայտարարեց՝ թող ոչ մեկը չհիմնավորի, թե սա լավ գաղափար է. «Այս գործը պետությունը պետք է անի, թե որտեղից այլ միջոցներ գտնի, սա պետական մենաշնորհ է, հասարակությունը պետք է ընդամենը օժանդակող պետք է լինի: Ժամանակին պետությունը դիմեց, ու ես կամավոր մեկ գրամ ոսկի, իմ կնոջ ոսկին տարել հանձնել եմ: Կամավորությունը հերոսության է բերում, պարտադրանքը՝ հետ է տանում հերոսությունից»: Ապա նա սկսեց թվարկել այն աղբյուրները, որտեղից հնարավոր է միջոցներ գտնել. «ՀՀ-ից տարեկան դուրս է գալիս մեկ-մեկ ու կես միլիարդ ապօրինի կանխիկ փող: Իմ ասածը հիմնվում է միջազգային կառույցների զեկույցների վրա, մեկը պիտի կանգնի, ասի, որ սուտ ես ասում: Այս աղբյուրը բերեք բյուջե, ու պետությունը նման անարժանապատիվ նախագիծ չի բերի էլ: Ես գիտեմ ՀՀ-ում ապրող հինգ միլիարդատեր, վաթսուն միլիոնատեր էլ կա այս դահլիճում: Սոված երկրում «օրինական ձեւով» հարստացած մարդիկ են, իսկ նման աղքատ երկրում այդպես չեն հարստանում՝ նվազագույնը քառասուն տոկոս աղքատություն կա»: Այնուհետեւ, Արամ Մանուկյանը դիմեց գեներալ, ՀՀԿ պատգամավոր Սեդրակ Սարոյանին՝ ասելով. «Սեյրան ջան, դու զինվորական, կուլտուրական, կրթված մարդ, ես ու Լյովը չիմանանք՝ բանակում ինչ է կատարվում, ջհանդամ, բայց դու գոնե գիտես՝ ով է բանակում թալանում: ՀՀ-ն ունի 150 գեներալ, մինչդեռ ԱՄՆ-ում 285 հազար մարդուն մեկ գեներալ է բաժին հասնում, այսինքն՝ ՀՀ-ում 15 անգամ մեր գեներալների թիվը գերազանցում է: Նաեւ՝ կրճատենք ոստիկանությունը, սա արտաբյուջե է ու կխնայենք հարյուր միլիոն դոլարի չափով: Սա կոռուպցիայի դաշտ է՝ ստվեր է ծայրից ծայր: Ու այս գումարը տասն անգամ ավելի տարեք, տվեք զինվորին: Թե չէ ասում եք՝ այ-այ-այ, էդ հազար դրամը չեք տալիս զինվորին, մինչդեռ սա մուրացկանություն է: Այնքան միջոց կա երկիրը շտկելու, բոլորը բաց, տեսանելի է բոլորիս համար, բոլորս գիտենք: Գագիկ Խաչատրյանի քառասուն միլիոնանոց դղյակը պետականացրեք, տվեք զինվորին: ՀՀ քաղաքացին ասում է՝ աշխատում եմ, հարկ եմ մուծում, պետություն, լուծի զինվորի խնդիրը»: Ըստ նրա՝ իրենց կռիվը միջոց գտնելն է. «Այս երկրում հումանիզմի լավ գաղափարն եք փչացնում: Հազար դոլարանոց ախրանա պահելը ո՞ւմ համար է, ինչի՞ համար է. թշնամին որ գա սահմանից մտնի, էդ ախրանա՞ն է ձեզ պահելու: Զինվորին գումար տալը դարձնում եք մատաղի փող, ու պետությանը նվաստացնում եք»: