Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետք է ի վերջո իմանա՞նք՝ ով է թալանել. Ն. Փաշինյանը նախագիծ կներկայացնի (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol

ԱԺ քառօրյայում այսօր ՀՀ պաշտպանության ժամանակ, մարտական գործողությունների ընթացքում վնասներ ստացած զինծառայողների փոխհատուցման մասին աղմկահարույց նախագծի քննարկմանը ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ կողմ է քվեարկելու այս նախագծին. «Քանի որ սա բանակի մարտունակությունը բարձրացնող օրենքի նախագիծ է: Այն զինվորը, որի միտքն ազատ է ու չի մտածում, թե ինչ է լինելու իր ընտանիքի հետ, արդյոք սոված կմնա՞ն իր երեխաներն ու ծնողները, եթե իր հետ մի բան լինի, նա ավելի է  կենտրոնացված իր մարտական գործողությունների վրա ու նրա գործողություններն ավելի պրոֆեսիոնալ են»: Ըստ նրա՝ շատ ՀՀ քաղաքացիներ արդարացիորեն նկատում են՝ եթե քիչ թալանեին, զինվորները շատ թե քիչ արժանապատիվ վարձատրություն կունենային. «Այո, նաեւ այդ պատճառով պիտի վճարենք հազար դրամները, քանի որ որպես պետություն՝ չենք կարողացել ստեղծել այնպիսի իշխանություն, որը կլինի արդյունավետ: Սա յուրօրինակ տուգանք է բոլորիս համար՝ մեր կրած խայտառակ պարտությունների համար: Պարոն նախարար, զինվորին մատակարարվող սապոգների քառասուն տոկոսը քսան րոպեի ընթացքում քրքրվում է: Եթե ծնողներին ուզում եք լավություն անել, եկեք այնպես անենք, որ ծնողը ազատվի Վերնիսաժից սապոգ, ներքնաշոր ու ատամի մածուկ առնելուց: Բանակում զինվոր պահելը ծնողի համար հիմա ուսանող պահելուց ավելի բարդ է»: Պատգամավորի խոսքով՝ զոհվածների մասին են հիմա խոսում, սակայն ողջերի մասին եւս չպետք է մոռանալ. «Բանակում կա սոցիալական լուրջ խնդիր՝ քսան տարի ծառայած սպաները սոցիալական լուրջ խնդիրներ ունեն: Այնպես ենք անում, որ այդ սպաների համար մեռնելն ավելի ձեռնտու լինի, քան ապրելը: Մյուս կողմից էլ տիկին Ռիտա Սարգսյանն է ասում՝ մարդա հարյուր դրամ տվեք, որ մանկական առողջապահության հարցերը լուծենք: Հիմա կասեք՝ թուրքը լսում, ուրախանում է: Պաշտոնյաները 450 հազար դոլարանոց մեքենայից իջնում են, ասում՝ մեր պետության միջոցները սուղ են: Թող առաջինը ձեզ համար սուղ լինի, պարոնայք»: Նիկոլ Փաշինյանի վստահեցմամբ՝ իրենից սկսած  ժողովուրդը պիտի իմանա, թե որ պատգամավորը կամ պաշտոնյան Շվեյցարիայի բանկում ինչքան գումար ունի. «Նախագիծ եմ ներկայացնելու, որ բոլոր պաշտոնյաների գույքային վիճակը ստուգվի, թե օֆշորներում, Շվեյցարիայում ինչքան գումար ունի, թե չէ, զոքանչ, տատիկ-պապիկ՝ հատ-հատ պիտի իմանաք՝ ով ինչ ունի ու ով ինչքան է պետությունից թալանել: Պետք է ի վերջո իմանա՞նք՝ ով է թալանել: Հիմա բոլորը կիմանան, թե բոլոր պատգամավորները թալանչի են: Ես չեմ ուզում, որ այդ պիտակն ինձ վրա էլ տարածվի: Պետք է ստեղծվի հանձնաժողով, ու հանրությունը որոշի՝ առանց վենդետաների, գիլյոտինների, առանց կախաղանների: Նաեւ պետք չէ բոմժ սարքել. ՀՀ թշնամիները պետք է ծնկի գան»: