Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժողովրդին գործ տվող մի դարձրեք» (տեսանյութ)

Քաղաքականություն
56c5914b8bf4748a2d26aeb0bc1ce6dd

ԱԺ քառօրյայում այսօր ՀՀ պաշտպանության ժամանակ, մարտական գործողությունների ընթացքում վնասներ ստացած զինծառայողների փոխհատուցման մասին աղմկահարույց նախագծի քննարկմանը «Ժառանգության» պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը նշեց, թե ժողովրդին դարձնում են գործ տվող, երբ ասում են՝ փաստեր տվեք, թե չարաշահումների մասին փաստեր ներկայացրեք. «Բազմաթիվ դղյակներ ունենք, մեկը վերցրեք ու պարզեք, թե ինչ միջոցներով է այն կառուցվել, միգուցե կարտոֆիլի վաճառքից կամ մեկ այլ աղբյուրով: Հիմնականում խոսում ենք անվստահության մասին, սակայն ձեր պատասխանով, պարոն Նահապետյան, ավելի եք դա ամրացնում. ավելի լավ է չպատասխանեք որոշ հարցերի, այդպիսով ավելի վստահելի կլինի: Այս օրենքը կշահի կոնսենսուսով, երբ այդ ամբիոնից լինեք անկեղծ ու շիտակ պատասխանեք»: Հարակից զեկուցող, ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշեց, որ պատգամավորի խոսքում կար մի քանի վտանգավոր շերտ. «Որեւէ մեկը այս դահլիճում այդպիսի միամտություն չունի, որ ասի՝ բանակում չկա կոռուպցիա, սակայն ոչ այն շեշտադրումներով, որ դուք արեցիք: Պետք է կոնկրետ դեպքեր ու փաստեր արձանագրվեն: Ես կարծում եմ՝ մենք ճիշտ չենք, որ ժողովրդին նման գնահատական տանք: Մտածում ենք, որ ապացուցման շրջանակներում իրավապահները, ամբողջովին կտրված լինելով ժողովրդից՝ այդ խնդիրները պետք է լուծեն: Մինչդեռ հասարակությունը վարույթների շրջանակներում ունեն որոշակի պարտականություններ, որ պետք է ցուցմունքներ տան կոնկրետ անձանց դեմ, որ հնարավոր լինի վարույթ իրականացնել: Ժողովուրդն առավել վեհ առաքելություն ունի, որը իր բանակին սատար լինելն է»: Ելույթ ունենալու համար հերթագրվեց 38 պատգամավոր: Արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով այս նախագծի գաղափարը խորը քրիստոնեական  է ու բարոյական. «Մենք միշտ մտածում ենք, թե հայրենիքը որեւէ բան պետք է անի մեզ համար, մինչդեռ մեզնից յուրաքանչյուրը պետք է մտածի՝ ի՞նչ կարող է ինքը տալ հայրենիքին: Սփյուռքահայերը եւս պետք է ներգրավված լինեն: Ես լուսնի վրա չեմ ապրում, որ ասեմ՝ ամեն ինչ լավ է: Իհարկե, բանակում կա կոռուպցիա: Սակայն եթե դու պատրաստ չես պահելու քո բանակը, ապա դու կպահես օտարի բանակը, հայտնի կորսիկացու խոսք է սա: Պետք չէ այստեղ, ցավներդ տանեմ, իրար մեղադրենք տարբեր հարցերում: Թշնամու համար ընդդիմություն ու իշխանություն չենք, այլ ՀՀ ենք: Եկեք միաձայն կողմ քվեարկենք այս բարոյական, քրիստոնեական ու մեր անվտանգության շահերը սպասարկող նախագծին: Եկեք այս մաքրամաքուր գաղափարը ներքաղաքական հարցերի հետ չկապենք»: