Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գեներալները հաստատ Բիլ Գեյթսը չեն. որտեղի՞ց նրանց այդքան հարստություն» (տեսանյութ)

Քաղաքականություն
naira-2

ԱԺ քառօրյայում այսօր ՀՀ պաշտպանության ժամանակ, մարտական գործողությունների ընթացքում վնասներ ստացած զինծառայողների փոխհատուցման մասին աղմկահարույց նախագծի քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, հարց ուղղելով հարակից զեկուցող, ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին, նշեց. «ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը իր հերթական հայտարարություն է արել՝ նշելով կաշառակեր գեներալների, պաշտպանության ոլորտի պաշտոնյաների անուններ ու զարմացել, թե ինչո՞ւ ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները համառորեն չեն փորձում ճշտել այդ տվյալները, պատասխանատվության ենթարկել»: Տիկին Զոհրաբյանը շեշտեց՝ խնդիրը ոչ թե հազար դրամի մուծումն է, այլ վստահությունն է, որը չկա իշխանությունների ցանկացած նախաձեռնության նկատմամբ, մինչդեռ բանակին օգնելուն որեւէ մեկը դեմ չէ: Կորյուն  Նահապետյանը պատասխանեց՝ ասելով, որ վստահության գործոնը ամենակարեւորներից մեկն է, որի հաստատման համար ամեն ինչ պետք է անել. «Դուք բարձրացնում եք խնդիրներ, որոնք կապված են պաշտպանության բնագավառում արդյունավետ ծախսերի հետ: Պատասխանատվությունը կարեւոր է նրանց դեպքում, ովքեր հանցանք են կատարել: Եթե անձամբ գիտեք որեւէ փաստ կամ կարող եք ներկայացնել որեւէ ապացույց չարաշահումների մասին, հանդես եկեք համապատասխան հայտարարությամբ ու փաստերով: Վահան Բադասյանի հետ համաձայն եմ՝ եթե ունի կոնկրետ փաստ, որ բանակում տեղի են ունեցել չարաշահումներ, իշխանության գերազանցում, այդ դեպքում թող ներկայացնի այդ փաստերը համապատասխան մարմիններին, որոնք էլ կձեռնարկեն համապատասխան քայլեր, որ պարոն Բադասյանը ներկայացնի բացատրություն. միշտ էլ հաճելի է քաղաքական հայտարարություններ անելը»: Նա կոչ արեց ի սկզբանե կասկածի տակ չդնել այս նոր համակարգը, այլ ամեն ինչ անել, որ այն լինի թափանցիկ ու հաշվետվողական: Ի պատասխան Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ բացարձակ քաղաքական առումով հաճելի չէ խոսել բանակում տեղի ունեցող թալանի մասին. «Սակայն պատասխանեք հարցիս՝ ինչո՞ւ պաշտոնանկ արվեցին բանակի մատակարարման ու գնումների ոլորտի բազմաթիվ պաշտոնյաներ: Ինչպե՞ս է լինում, որ բազմաթիվ գեներալներ ապրում են շվայտ, հարուստ կյանքով: Հաստատ Բիլ Գեյթսը չեն կամ ՏՏ ոլորտում էլ հայտնագործություններ չեն արել»: Կորյուն Նահապետյանն ասաց, որ այդ մարդիկ եկամուտների ու գույքի հայտարարագրում են արել, ու ինքը դրանց վերաբերյալ որեւէ կասկածի առիթ չունի, քանի դեռ հակառակի մասին տվյալներ չունի. «Կենցաղային մակարդակով կարելի է հազար ու մի հայտարարություն անել, սակայն պետք է հասկանալ, թե որքանով են այդ մարդիկ օրինական հայթայթել այդ եկամուտները»: