Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սա պարտադիր է, եթե ուզում ենք... Վիգեն Սարգսյանը՝ 1000-ական դրամ վճարի մասին

Պաշտոնական
Vigen-Sargsyan

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նախագծով առաջարկվում է հատուցման գումարներ վճարել այն զինծառայողներին, ովքեր մահացել կամ հաշմանդամություն են ստացել ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ: Զինծառայողների մահվան դեպքում հատուցման գումարները կվճարվեն նրանց ընտանիքի անդամներին (ծնող, ամուսին, զավակ, զինծառայողի խնամքի տակ գտնվող անձինք): Եթե զինծառայողն ունի 3 կամ ավելի երեխա, ապա ի լրումն սահմանված գումարների, զինծառայողի ընտանիքին յուրաքանչյուր ամիս կվճարվի եւս 100 հազար դրամ: Հատուցման գումարների վճարումն իրականացնելու եւ հավաքագրված դրամական միջոցները կառավարելու նպատակով նախագծով առաջարկվում է ստեղծել հատուկ կառույց` զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ: Հիմնադրամի կողմից հատուցումներ վճարելու համար անհրաժեշտ դրամական միջոցները կձեւավորվեն հետեւյալ աղբյուրներից` յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ գումարի չափով վճարվող վճարներից, հատուկ այդ նպատակով թողարկված արժեթղթերի վաճառքից, հատուկ այդ նպատակով ստացված դրամաշնորհներից, նվիրաբերություններից եւ նվիրատվություններից, վերը նշված աղբյուրներից հավաքագրված միջոցների կառավարման (ներդրման) արդյունքում ստացվող եկամուտներից: Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առնվազն հինգ տարի ԿԲ-ն անվճար կառավարելու է հիմնադրամի միջոցները եւ իրականացնելու է անվճար ադմինիստրատիվ գործառույթներ: Նախարարը վստահեցրել է, որ դրամական միջոցները ծախսվելու են նպատակային եւ այս հիմնադրամից չի ֆինանսավորվելու որեւէ այլ գաղափար: Նրա խոսքով՝ սա ոչ թե սոցիալական աջակցության ծրագիր է, այլ պաշտպանության ապահովման քաղաքականություն: Պարոն Սարգսյանի համոզմամբ՝ նման քաղաքականությամբ հանրությունը պատասխանում է, որ բոլորս ենք կանգնում զինվորի կողքին, որովհետեւ երկրի անվտանգությունը բոլորիս խնդիրն է: «Այո, սա ազգ-բանակ գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականություն է, որ բոլորս մեր աշխատավարձից լրացուցիչ, առանձին տողով մտածում ենք մեր զինվորի մասին: Սա պարտադիր է, եթե մենք ուզում ենք ապրել պաշտպանված ու ամուր երկրում»,- ասել է նա: Նախարարը նշել է, որ 1000 դրամը նվազագույն շեմ է եւ հավելել, որ նրանք, ովքեր նվազագույն աշխատավարձ են ստանում, այս գումարները չեն վճարելու: Հարակից զեկույցում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի համոզմամբ՝ օրենսդրական առաջարկն օգտակար է ռազմավարական եւ համակարգային մի շարք խնդիրներ լուծելու տեսանկյունից՝ զինված ուժերում սոցիալական ապահովության նոր ռազմավարության մշակման համատեքստում: Նա, անդրադառնալով պատգամավորների մտահոգություններին, ընդգծել է, որ սա հարկատեսակ չէ, ինչի պատասխանը տրված է օրենքի նախագծում: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ բոլորը պետք է նպաստեն՝ ունենալու այս հիմնադրամում ֆինանսական առավել ներհոսքեր՝ ներգրավելով տարբեր աղբյուրներ: Նա խոսել է խորհրդարանական վերահսկողության մասին եւ նշել, որ հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակում կանդրադառնա այս հիմնադրամի գործունեությանը: ԱԺ պատգամավորներն իրենց ելույթներում եւ հարցադրումներում անդրադարձել են հարցի վերաբերյալ հանրային քննարկումների անհրաժեշտությանը, հիմնադրամի նկատմամբ հանրային վստահության ապահովման մեխանիզմներին, յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի դեպքում տարբերակված մոտեցում ցուցաբերելու նպատակահարմարությանը, պետական եկամուտների արդյունավետ ծախսմանը եւ այլ հարցերի, որոնց վերաբերյալ նախարարը պարզաբանումներ է ներկայացրել: Քննարկումների արդյունքում հանձնաժողովն օրենսդրական փաթեթին տվել է դրական եզրակացություն, այն կընդգրկվի ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: