Մեդիադաշտը գալիք ընտրություններում պետք է առավելագույն ջանքեր գործադրի. փորձագետ
Առաջիկա խորհրդարանական ընտրություններում հայաստանյան մեդիահամայնքը կարևոր դեր է ունենալու։ Այդ դերը միշտ չէ, որ ծառայում է հանրության շահերին։ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը սա պայմանավորում է քաղաքական ուժերի կողմից ԶԼՄ-ների վրա հնարավոր ազդեցությամբ։ «Քաղաքական ուժերը մշտապես հետաքրքրված են լրատվամիջոցներին սեփական վերահսկողության տակ պահել, կամ հնարավորինս շատ լրատվամիջոցների միջոցով հանրության շրջանում դրական կերպար ձևավորեն իրենց կուսակցության կամ անդամների վերաբերյալ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է մեդիափորձագետը։ Քաղաքական ուժերի գործունեության, նրա առանձին անդամների մասին լուսաբանման գործում հաճախ հատուկ դեր են կատարում սոցիալական ցանցերը՝ կրկին ոչ դրական իմաստով։ Դեհերյանի դիտարկմամբ՝ քաղտեխնոլոգներն իրենց պատվիրատուների շահերից ելնելով ակտիվորեն օգտագործում են նաև նոր առցանց միջոցները. «Սոցիալական հարթակների միջոցով իրականացվում են քարոզչություն կամ ապատեղեկատվություն է տարածվում օպոնենտների վերաբերյալ, որը հայտնվում է նաև լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Եվ այստեղ շատ կարևոր է, որպեսզի լրատվամիջոցը խայծը կուլ չտա, և փոխարենը ճշմարտությունը ներկայացնի իր ընթերցողին՝ օգնելով նրան հնարավորինս շուտ կողմնորոշվել իրողության մեջ»։ Նման իրավիճակում աննախանձելի վիճակում են հայտնվում մեդիասպառողները, ովքեր համապետական ընտրական գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն ստանում են հիմնականում ԶԼՄ-ներից։ Ի՞նչ կանոնների պետք է հետևի քաղաքացին՝ մանիպուլյացիաներով զբաղվող լրատվամիջոցների արտադրանքի ակամա սպառողը չդառնալու համար։ Մեդիափորձագետ Սուրեն Դեհերյանի կարծիքով՝ որոշակի իրավիճակի կամ դեպքի մասին քաղաքացին սեփական կարծիքը պետք է ձևավորի՝ հիմնվելով մի քանի աղբյուրներից ստացված տեղեկատվության վրա. «Անկախ նրանից՝ նախընտրական, ընտրական փուլ է, թե ավելի պասիվ քաղաքական շրջան, այսօր ապատեղեկատվությունը, կեղծ ինֆորմացիան որպես երևույթ լրատվական հոսքերում բավական մեծ տարածում ունի։ Այստեղ շատ կարևոր է, որ մեդիասպառողը գրագետ օգտվի տեղեկատվական հոսքերից»։ Միևնույն ժամանակ յուրաքանչյուր մեդիասպառող կարող է նպաստել դաշտում վստահելի տեղեկատվության տարածմանը, դառնալով ակտիվ մեդիատարածող՝ տարածելով միմիայն հավաստի նյութեր, իսկ երբ նկատում է դաշտում ապատեղեկատվություն՝ իր համայնքում բարձրաձայնի դրա մասին։ Ընտրական նոր օրենսգրքով սահմանափակվել են լրատվամիջոցների իրավունքներն ու հնարավորությունները։ Յուրաքանչյուր լրատվամիջոց իրավունք կունենա ընտրությունը լուսաբանելու գործուղել 50 անձի։ Բացի այդ՝ ընտրատեղամասում քվեարկության ժամանակ կարող է սահմանափակվել դիտորդների ու լրագրողների թիվը, եթե դա անհրաժեշտ համարի հանձնաժողովի 2/3-ը։ Մեդիափորձագետն այս իրավիճակը հետևյալ կերպ է մեկնաբանում. «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ թափանցիկ ընտրությունների կազմակերպման ձախողումը լրագրողների պատճառով էր ու հիմա վերջապես գտնելով մեղավորին, սահմանափակումներ են մտցրել նրանց ներկայության մասով»։ Նրա գնահատմամբ՝ պետությունը պետք է ինքը շահագրգիռ լինի ընտրատեղամասերում մեծաթիվ դիտորդներ ու լրագրողներ ունենալով՝ ապահովելով նրանց ազատ ու անխոչընդոտ աշխատանքը. «Բայց երբ բարեփոխումների անվան տակ առաջին քայլով օրենքով սահմանափակվում է լրագրողների ներկայությունն ու գործունեությունը, դա արդեն պատճառ է ընտրական ողջ գործընթացի կազմակերպման անաչառությունը կասկածի տակ դնելու համար»։ Սահմանադրական հանրաքվեի և ՏԻՄ ընտրությունների ընթացքից պարզ դարձավ, ընտրակեղծիքների մասին հաճախ ականատես են լինում լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Ազգային ժողովում ընտրական օրենսգրքի քննարկումները ցույց տվեցին, որ ընտրակեղծիքների մասին հայտարարություն անելը դա անողի համար կարող է ավարտվել քրեական հետապնդումով։ Այդպիսի իրավիճակից խուսափելու գործում Սուրեն Դեհերյանը կարևորում է լրագրողի մասնագիտական որակը։ Մինչև նյութի հրապարակումը նա պետք է վստահ լինի դրա ճշմարտացիության մեջ։ «Իսկ եթե լրագրողն է ներկա գտնվում ընտրակեղծիքի իրականացմանը, ապա նա պետք է փորձի նկարագրությունների կամ տեսանյութերի միջոցով փոխանցել այն գործողությունները, որոնք տեղի են ունենում տվյալ տարածքում՝ սեփական գնահատականներից զերծ մնալով։ Կարևորը՝ փաստը ֆիքսել, որի վերաբերյալ մեկնաբանություն կարելի է վերցնել իրավապաշտպանից, իրավաբանից կամ իրավապահ մարմիններից»։- հավելեց մեդիափորձագետը։ Մեդիադաշտի ներկայացուցիչները պետք է առավելագույն ջանքերը գործադրեն քաղաքացիներին տեղեկատվություն տրամադրելու առաքելությունը իրականացնելու համար։ Դա անել անհրաժեշտ է՝ որքան էլ սահմանափակվեն ԶԼՄ-ների իրավունքները, ճնշումներ գործադրվեն դրա ներկայացուցիչների վրա։