«Կաթողիկոսն ինձ է դիմում յուրաքանչյուր խնդրի լուծման համար»
Երևանի պետական բժշկական համալսարանի նորանշանակ ղեկավարն աշխատանքի կանցնի երկուշաբթի օրվանից: Արմեն Մուրադյանը ժամանակ է խնդրում՝ ամեն ինչ ուսումնասիրելու եւ ֆինանսական ու իրավաբանական հարցերը լուծելու տարբերակները ներկայացնելու համար: «Կարծում եմ՝ տնտեսական իրավիճակը վերլուծելուց հետո այս հարցին կկարողանանք անդրադառնալ, սակայն ընդգծում եմ, բժշկական համալսարանը ունի մեծ ռեսուրս: Ռեսուրսները կբավարարեն, կարծում եմ, այս հարցի լուծումները տալ իրավական եւ ֆինանսական դաշտում»: Ընդամենը մեկ տարի առաջ բժշկական համալսարանում ուսման վարձը բարձրացավ՝ հասնելով մինչեւ 1մլն դրամի: Արդյո՞ք կվերանայվեն վարձավճարները։ «Միջազգային ստանդարտիզացիան պետք է լինի նաև գների հետ համահունչ, չեմ կարծում, որ մենք միջազգային շուկայում շատ թանկ ծառայություններ ենք մատուցում: Ավելին, և՛ բժշկական ծառայությունները, և՛ բժշկական կրթությունը բավականին մատչելի է Հայաստանում»,- նշեց պարոն Մուրադյանը: Արմեն Մուրադյանը վերջում վստահեցրեց՝ չնայած կրկին անցնում է կաբինետային աշխատանքի, բայց չի պատրաստվում թողնել մասնագիտական իր գործունեությունը. «Գաղտնիք ասեմ, այսօր եմ գալիս վիրահատարանից ու վաղն էլ եմ վիրահատության, ես չեմ դադարելու լինել բժիշկ, քանի որ դա մասնագիտություն չէ՝ կոչում է»: Այսօր արդեն տեղեկացրել ենք, որ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը ներկայացրել էր իր պաշտոնից հեռանալու դիմումը, որը համալսարանի հոգաբարձուների խորհուրդը ընդունել էր միաձայն: Նա հերքել էր, որ իր հեռացումը կապված է համալսարանում բարձրացված կոռուպցիոն սկանդալի հետ, վստահեցրել, որ չի հեռանում նաեւ համալսարանի ունեցած վարկերի պատճառով: Ավելին՝ Միքայել Նարիմանյանը իր կառավարման 4 տարիներին կրճատել է այդ պարտքը: «Երբ ես դարձա ռեկտոր, համալսարանն ուներ 4,5 մլն դոլարի վարկային պարտք, 4 տարվա ընթացքում պակասել է մինչեւ 1,6 մլն դոլար: Եթե միջազգային ստանդարտները հաշվի առնենք, մենք ունենք շատ լավ վարկային պատմություն»: Հարցին, թե արդյո՞ք իրեն չօգնեց այն փաստը, որ նա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անձնական բժիշկն է, որ շարունակի պաշտոնավարել որպես բուհի ռեկտոր նա պատասխանեց, որ շատերն ուղղակի ճիշտ չեն պատկերացնում` ինչ է նշանակում լինել կաթողիկոսի անձնական բժիշկ. «Ես գտնում եմ, որ այն օգնում է ինձ միայն մեկ առումով` եթե ազգը, եկեղեցին վստահում է ինձ Վեհափառի առողջությունը, և նա անձամբ ուզում է, որ ես լինեմ իր բժիշկը, դա ցույց է տալիս իմ հանդեպ ունեցած վստահությունը: Դա իմ պրոֆեսիոնալ ունակությունների ճիշտ գնահատականն է: Լինել անձնական բժիշկ` նշանակում է, որ կաթողիկոսն ինձ է դիմում յուրաքանչյուր խնդրի լուծման համար: Կարծում եմ` միայն այդ առումով օգնում է ինձ նրա` անձնական բժիշկը լինելու հանգամանքը, քանի որ բարձրացնում է իմ վարկանիշը կոլեգաներիս եւ մարդկանց մոտ: Ինչ-որ այլ միջամտություն երբեք չի եղել: Ես շատ անկեղծ եմ, հավատացեք ինձ»,- ասաց Նարիմանյանը: