«Աշխատանք գտնելու համար պետք է ոչ թե լավ կրթություն, այլ լավ ծանոթ»
ԱԺ-ում այսօր գիտություն, կրթություն, մշակույթ, սփյուռքի հարցեր, սպորտ, երիտասարդության եւ տեղեկատվության ոլորտներում 2017թ. պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի քննարկմանը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվեց՝ քանի՞ուսանող է մասնակցել ապրիլյան պատերազմին: Նա նաեւ անդրադարձավ առանց քննության բուհ ընդունվելու գաղափարին, որի հեղինակը հենց Լեւոն Մկրտչյանն էր. «Այս ավանդույթը ձեւավորվել է ձեր պաշտոնավարման ընթացքում, սա անընդունելի է: Մոտիվացիան այն մարմաջն է, որ ընդունված երեխաներից փող են ուզելու ու որակը կորելու է: Նաեւ ուզում եմ խոսել մեկ այլ խնդրի մասին՝ պետության մասնակցությունը բուհերի կառավարման ու ֆինանսական հոսքերի մեջ ընդամենը տասը-տասնհինգ տոկոս է, սա սարսափելի թիվ է»: Ըստ Արամ Մանուկյանի՝ տխուր պատկեր է կրթության բնագավառում կոռուպցիայի մասով. կրթական համակարգը, նրա տվյալներով, ամենակոռումպացված համակարգերից է: Նա առանձնացրել էր նաեւ հրատապ լուծումներ պահանջող հարցերը. «Կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացնել, քաղաքական ճնշումներից պետք է զերծ պահել բուհերի ղեկավարներին: Նաեւ ուզում եմ անդրադառնաք այն խնդրին, որ ոչ պաշտոնապես, բայց բուհերը իրենց ֆինանսական հոսքերից երկու տոկոս մուծում են ՀՀԿ ներքո գործող Երիտասարդական հիմնադրամ: Բաց է մնում նաեւ դպրոցների կուսակցականացվածության հարցը. հազար հարյուր դպրոց այսօր կուսակցականացված է: Ձեր կողմից այս ուղղությամբ կատարվող աշխատանքները ի՞նչ փուլում են»: Նախարար Լեւոն Մկրտչյանը նշեց, որ ապրիլյան պատերազմին մասնակից ուսանողների թիվ կա, սակայն նա անկեղծացավ, որ թվեր շատ չի կարողանում հիշել. «Հիսուն տոկոսից ավելի զեղչ ենք իրականացրել զոհվածների երեխաների համար, սակայն խնդիր ունենք՝ ի՞նչ փաստաթղթով պետք է ֆիքսել, որ նրանք հենց ապրիլյան պատերազմին զոհված զինծառայողների երեխաներն են. ինչպես ՀՀ կեսը Շուշիի ազատագրմանն է մասնակցել, այնպես էլ այս դեպքում շղթան նույն կերպ գնում է»: Ինչ վերաբերում է առանց քննության բուհ ընդունվելուն, ապա նախարարը նշեց, որ այս քաղաքականությունը իր կողմից որդեգրվել է դեռ 1990-ականներից. «Բարձրագույն կրթությունը հնարավորինս պետք է մատչելի դարձնել: Մենք պարտավոր ենք պետության միջոցները կոնսոլիդացնել: Ինչ վերաբերում է կոռուպցիային, ապա ես ինքս մասնագիտությամբ հասարակագետ եմ ու գիտեմ՝ ինչպես են այդ հարցումներն իրականացվում: Մենք պետք է լուրջ նայենք կոռուպցիայի թվերը»: Ինչ վերաբերում է հանրակրթական եւ բուհական համակարգի քաղաքականացմանը, ապա նախարարը նշեց, որ օրենքը գործում է, որ համակարգը ապաքաղաքական լինի: Արամ Մանուկյանն արձագանքեց՝ նշելով, որ այսօր աշխատանք գտնելու համար պետք է ոչ թե լավ կրթություն, այլ լավ ծանոթ: