Ռուբեն Հախվերդյանի երգերը՝ դասական մոտեցմամբ (տեսանյութ)
Երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի 17 կատարումները կհնչեն այս շաբաթ օրը։ Հեղինակային համերգը Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համատեղ է։ Հախվերդյանի «Կտրուկ շրջադարձն» սպասվում է Արամ Խաչատրյան համերգասրահում։
«Շատ մեծ ծրագիր է և բոլոր ստեղծագործությունները հնչելու են նորովի և մեծ բավականություն կստանաք համերգից»,- ասում է երգերի մշակումն իրականացրած Նարինե Զարիֆյանը։
«Կտակ», «Հիսունից հետո», «Երևանի գիշերներում»... հայտնի ստեղծագործությունից բացի կհնչեն նաև նոր երգեր։ Դրանք բովանդակությամբ ու ասելիքով հետ չեն մնա արդեն սիրվածներից։
«Ես կարող եմ օրը 10 հատ երգ գրել, կարող եմ 20 հատ գրել։ Բայց դրանք չեն մնա երկար։ Էս տեսակի երգերը, որ խոսքն ու երաժշտությունը միասին են ծնվում, որ ունեն նաև բանաստեղծական արժեք, մեծ դժվարությամբ է ստեղծվում, բայց երկար կյանք են ունենում»,- ասում է Ռուբեն Հախվերդյանը։
Կտրուկ շրջադարձ կլինի Ռուբեն Հախվերդյանի գործերի մատուցման ոճում։ Երգչի կատարումների սիրահարները սովոր են դրանք լսել կիթառի ուղեկցությամբ։ Այս անգամ երաժշտությունն ավելի շատ դասական երանգներ կունենա։ Երգիչն ասում է.
«Մենք սա անում ենք այն ակնկալիքով, որ սա կարող է հետաքրքիր բան լինել և սրանից հետո կարող են էլ հետաքրքիր ինչ-որ բաներ ստացվեն։
Կատարումների նոր ոճը մեկնաբանում է կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանը. «Նվագախմբով մեծ տարբերություն չեմ զգում, նորից մնում է նույն երգը, պարզապես հարստացված նվագախմբային գույներով»։
Նա Ռուբեն Հախվերդյանի հետ համերգը իր համար մեծ շրջադարձ է համարում.
«Ես մինչև խոսել սովորելը երեխա ժամանակ իր երգերը երգում էի առանց բառերը հասկանալու։ Ես շատ զգացված եմ իր հետ գտնվել իր կողքին նույն բեմի վրա։ Եթե 20 տարի առաջ ինձ էսպիսի բան ասեին, կծիծաղեի»։
Համերգի տոմսերը հնարավոր է ձեռք բերել նոր համակարգով՝ tomser.am կայքից։