Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թուրքական ապրանքի վրա գրում են «մեյդ ին Արմենիա» ու արտահանում ՌԴ»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
5dd470c656dc91e74de635028aea112a

ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր քննարկվում է Գյուղատնտեսության նախարարության՝ 2017թ. պետական բյուջեով նախատեսված  ծրագրերն ու հատկացումները: Նախարար Իգնատի Առաքելյանին հարց ուղղելով ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը հետաքրքրվեց՝ որտեղի՞ց, ինչպե՞ս են փոխհատուցելու գազի սուբսիդավորումը. «Քանի որ ինչպես հասկացանք՝ «Գազպրոմ»-ը ոչ թե ինքն է գինն իջեցնում, այլ ասում է՝ ՀՀ կառավարության հաշվին պետք է դա լինի: Հիմա ինչպե՞ս եք դա անելու»: Նա նաեւ հիշեցրեց, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր, որ կարկուտից ամենից շատ տուժած Արագածոտնի մարզի բնակիչների վարկերը կսառեցնի. «Ի՞նչ ընթացքում է այս հարցի լուծումը: Ձեր ծրագրերում տեսնում եմ կարկուտի դեմ պայքարի հայեցակարգ: Մինչեւ հիմա չկա՞ր: Ծիծաղելի է սա»: Արամ Մանուկյանը խոսեց նաեւ լոլիկի արտահանման մասին. «Ինչպես վստահեցնում է ՀՀ ԱՎԾ-ն՝ 40 տոկոսի աճ է եղել արտահանման, շուրջ հազար տոննա լոլիկ է արտահանվել: Ես հետաքրքրվել եմ Ջերմային տնտեսություններից, նման բան չկա, սա պետական խաբեություն է ու բացահայտ խեղաթյուրում: Դուք տեղյա՞կ եք դրա մասին, ի՞նչ եք անելու՝ նման խաբեության դեմն առնելու համար, արդյոք հայցով կմտնե՞ք ՀՀ Գլխավոր դատախազություն: Եթե ոչ, ապա ինչպե՞ս եք ռեֆորմներ անելու»: Իգնատի Առաքելյանը սկսեց հերթով պատասխանել բոլոր հարցերին. «Գազի սուբսիդիայի հետ կապված, ինձ հետաքրքրում է, որ գինը նվազել է, մնացածը չի հետաքրքրում: Կարեւորը ջերմատները շատ լինեն, մնացած գերատեսչություններն իրենց հաշվարկն արդեն արել են: Արագածոտնի մարզի հետ կապված չգիտեմ. ճշտեմ, կտեղեկացնեմ ձեզ: Կարկուտի դեմ պայքարի հայեցակարգը կազմելիս մտավարժանք ենք անելու, թե որ ուղղությամբ ենք գնալու: Այս պարագայում մասնավոր հատված-պետություն իրար հետ պետք է համագործակցեն: Քանի որ վնասը շատ-շատ է կարկուտից, զգալի փոխհատուցում, որ գյուղացին բավարարված լինի, չկա. ինքը մենակ է մնացել բնակլիմայական պայմանների հետ»: Ինչ վերաբերում է լոլիկի արտահանմանը, ապա նախարարը նշեց, որ ինքը տեղյակ չէ մանրամասներից. «Ուրախ եմ, որ արտահանումը շատանում է: Եթե մանրամասն տեղեկություններ ունեք, կամ հետո, կամ հիմա քննարկենք»: Արամ Մանուկյանն անմիջապես արձագանքեց՝ ասելով. «Թուրքական ապրանքները գրվում են «մեյդ ին Արմենիա» ու արտահանվում ՌԴ, սակայն այդ լոլիկները հայկական չեն, սակայն ՀՀ ԱՎԾ-ն ասում է՝ մեծացել է արտահանումը: Պարոն նախարար, եղեք ավելի հետեւողական այս հարցում»։ Իսկ Ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը նշեց, որ իրենց ոլորտին եկող տարվա համար տրամսդրվել է 17 մլրդ դրամից ավելի գումար, որից հինգ մլրդ դրամից ավելին տրամադրվելու է խմելու ջրին,  եւ մոտ նույնքան էլ կհատկացվի ոռոգման համակարգի պահպանմանը»: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ եկող տարի իրականացնելու են 17 ծրագիր, որից 7-ը կուղղվի  հատուկ պահպանվող տարածքներին: Մեծ ուշադրություն է դարձվելու թափոնների խնդրին: