«Գարնանը մեզ ասում են աշնանը, աշնանը ասում են՝ գարնանը»
ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր քննարկվում է Գյուղատնտեսության նախարարության՝ 2017թ. պետական բյուջեով նախատեսված ծրագրերն ու հատկացումները: Ինչպես ներկայացրեց նախարար Իգնատի Առաքելյանը, եկող տարվա համար իրենց ոլորտին հատկացվելու է 10 մլրդ դրամից մի փոքր ավելի գումար. «Մեր բոլոր ծրագրերը պետք է միտված լինեն նրան, որ բարենպաստ պայմաններ ստեղծենք տնտեսվարողների համար»: Նախարարը անդրադարձավ պատգամավորների այն դժգոհությանը, որ եկող տարի 650 մլն դրամով նվազելու է պարարտանյութերի տրամադրումը՝ նշելով, որ դա պայմանավորված է տենդերների նվազմամբ. «Բոլոր սուբսիդավորումները պետք է ուղղվեն գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ու տնտեսվարողների գործունեության խթանմանը»: ԲՀԿ խմբակցության անդամ Վահագն Մախսուդյանը հետաքրքրվեց նրանից՝ ե՞րբ կլինի գյուղի եւ գյուղատնտեսության մասին օրենքը, արդյո՞ք գյուղատնտեսության ոլորտը կրկին գերակա ուղղություն է: Նախարար Առաքելյանը նշեց, որ մինչեւ այսօր իրենք էլ չգիտեն՝ ինչ է գյուղատնտեսական փոքր տնտեսությունը. «Կամայականությամբ ենք որոշում, թե ինչ է դա: Դրա համար գյուղի եւ գյուղատնտեսության մասին օրենքի ստեղծումն ուղղակի անհրաժեշտություն է: Դեկտեմբերին արդեն կսկսենք քննարկումները»: «Էդ լավ է, քանի որ գարնանը մեզ ասում են աշնանը, աշնանը ասում են՝ գարնանը»,-նկատեց Վահագն Մախսուդյանը: Իսկ ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Լյովա Խաչատրյանը խոսեց այն մասին, որ եկող տարի մեկ մլրդ դրամով պակասելու են պարարտանյութի ու վառելիքի ծավալները, բացի այդ՝ ջրային տնտեսությունը պետք է լիներ ոչ թե Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության կազմում, այլ Գյուղատնտեսության նախարարության: Դրա համար երկար ժամանակ պայքարում էինք ու չնայած ֆորմալ առումով եղավ, սակայն ոռոգման ջուրը դեռ Էներգետիկայի նախարարության կազմում է, մինչդեռ այն Գյուղատնտեսության նախարարությանը պատկանող պրոդուկտ է: Սա անհրաժեշտ է օպերատիվ կառավարման համար: Ես կարծում եմ, որ գյուղատնտեսությանը վերաբերող բոլոր ծրագրերը պետք է ձեզ ենթակա լինեն: Մեծ մասը այդպես չէ, չե՞ք կարծում, որ սա խոչընդոտ է»: Նա նաեւ հետաքրքրվեց վարկերի տրամադրման գործընթացից. «Մենք այդքան ասացինք՝ անվանական ասեք՝ ում եք տրամադրել վարկեր, այլապես սկսում ենք մտածել, որ դրանք նպատակային չեն եղել»: Իգնատի Առաքելյանը նշեց, որ, այո, կա պարարտանյութերի ու վառելիքի խնդիր, կան կուտակված պարտքեր. «Այժմ քննարկում ենք, որ անվանական ցուցակներ տան համայնքները, թե ով, որ գյուղացին է մեզ պարտք, որոշ դեպքերում նույնիսկ դիմել ենք դատարան: Շատ դեպքերում տեսնում ես, որ էլ բան չկա մարդուց վերցնելու: Համայնքներից է գալիս պատվեր, թե ով ինչքան է ուզում պարարտանյութ կամ վառելիք, թե ով ինչքան է պատրաստ վճարելու դրա համար: Ով պարտք ունի, նրան էլ չենք տա»: