Հայաստանի հավաքականը խոչընդոտ է ստեղծում «Բանանցի» համար
Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականն այսօր առավոտյան Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ մեկնել է Իսրայել: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Նոյեմբերի 1-6-ը մեր թիմը Իսրայելում կմասնակցի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների 2017թ առաջնության ընտրական փուլի 12-րդ խմբի մրցաշարին: Հայաստանի պատանիների մրցակիցները կլինեն տանտերերի՝ Իսրայելի, ինչպես նաեւ Լեհաստանի եւ Իսլանդիայի հավաքականները: Հավելենք, որ հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը թիմ է հրավիրել 18 ֆուտբոլիստի, որոնցից 15-ը «Բանանց» եւ «Փյունիկ» ակումբներից են, երկուսը՝ Հայաստանի Մ-16 հավաքականից, իսկ Գերման Կուրբաշյանը հանդես է գալիս գերմանական «Քյոլնում»: Ի դեպ, Արթուր Ոսկանյանը միաժամանակ գլխավորում է «Բանանց» ակումբը, ուստի թիմն առանց իր գլխավոր մարզչի հանդես կգա Հայաստանի առաջնության 13-րդ տուրի «Ալաշկերտի» հետ խաղում, որը կկայանա նոյեմբերի 5-ին: Հայաստանի Մ-17 հավաքականի խաղերի ցանկը. 01.11. Լեհաստան-Հայաստան 03.11. Իսրայել-Հայաստան 06.11. Հայաստան-Իսլանդիա