«Գողություն կատարողները նյութապես լավ ապահովվածներն են» (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխությունների քննարկմանը ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանն իր ելույթում հայտարարեց, որ մեկ-մեկ զարմանում է, երբ պատգամավորները ծանրանում են այնպիսի նախագծերի քննարկման վրա, որ ամենից քիչ խնդիրները հարուցողն են. «Ու հակառակը, այնպես թեթեւ ենք անցկացնում այնպիսի նախագծեր, որոնք լուրջ քննարկման խնդիր ունեն: Ելույթ չէի ունենալու, եթե չլիներ մի քանի հանգամանք: Ի՞նչ է պատիժը, այն վերադաստիարակելու խնդիր ունի, իսկ դրա համար պետք է արած արարքի համար պատասխանատվություն կրի, արդար դատապարտված լինի, արդար դատաքննությամբ հաստատած լինեն իր մեղքը, սակայն երբ մարդն անմեղ է, նրա ի՞նչը ուղղենք, վերադաստիարակենք: Ինքը թշնամությամբ է լցվում այդ պատիժը կրելու ժամանակ եւ ՔԿՀ աշխատողների, եւ դատարանի, եւ հասարակության նկատմամբ: Մարդուն պետք է հնարավորություն տանք՝ հասարակության համար պիտանի մարդ դառնալու»: Նա անդրադարձավ նաեւ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի այն դիտարկմանը, թե շատ մարդիկ աղքատությունից դրդված են գողության դիմում ու հայտնվում ՔԿՀ-ներում. «Պարոն Մարգարյան, գողություն կատարողները ոչ թե սոցիալապես անապահով մարդիկ են, այլ նյութապես լավ ապահովվածներն են: Իսկ այդպես արտահայտվելով՝ մենք վիրավորում ենք աղքատության մեջ գտնվող մարդուն, թե նա է հիմնականում գողություն անողը: Ի դեպ, նա ավելի բարոյական է, ավելի արժանապատիվ, չի քծնել, չի դավաճանել իր սկզբունքները, դրա համար աղքատ է մնացել: Նա գնում է կայարանում բեռ է կրում, մի քանի հազար դրամ է աշխատում ու բերում իր երեխային կերակրում: Սա սոցիոլոգիական հարցումների արդյունք եմ ասում: Գողություն անում է, օրինակ, նարկոմանը, որը լավ էլ հարուստ մարդու տղա է, գնում է, գողություն է անում, քանի որ հայրը գումար չի տալիս՝ թմրադեղերի համար: Այդպիսի բազմաթիվ օրինակներ կարող եմ ասել բազմաթիվ պաշտոնատար անձանց մասին»: Պարոն Ջհանգիրյանը նախագիծը որակեց լավ եւ նշեց, որ պետք է առաջին ընթերցմամբ այն ընդունել հետո՝ բարելավել: ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն իր ելույթում ակամայից հիշեց ամերիկյան ֆիլմերը, երբ դատապարտյալը վերադառնում է հասարակություն ու գործակալությունները նրանց աշխատանք են արդեն գտած լինում. «Սակայն կա վերահսկիչ մի անձնավորություն, որ հետևում է դատապարտյալների աշխատանքին, ու այդպիսով մարդիկ ինտեգրվում են հասարակությանը: Իսկ արդյոք կատարվե՞լ է հարցում ՔԿՀ-ներում ու հետաքրքրվել են դատապարտյալներից, թե ինչ մասնագիտություններ կուզեին ընտրել»: