«ՔԿՀ-ներում նավթալին դասագրքեր են, իսկ բժիշկը չի ուզում մտնել այստեղ» (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխությունների քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում եւս մեկ անգամ նշեց, որ շատ գրագետ նախագիծ է, սակայն կյանքի չի կոչվի այն. «Մեր իրականությունն այլ է: Նաեւ չնշվեց, թե ինչ միջոցներով է այն իրականացվելու, միգուցե հերթական եվրոպական գրա՞նտն է: Մեր երկրում գործազրկության մակարդակն այնպիսին է, որ մնացել էր կալանքից ազատվածների համար խնդիրը լուծեինք: Թեեւ Սահմանադրության մեջ նշված է, սակայն եկեք մի հատ էլ օրենքով ամրագրենք, որ բոլոր քաղաքացիները պիտի պարտադիր ապահովված լինի արժանապատիվ աշխատավարձով ու աշխատանքով, սակայն կյանքի կոչելու մեխանիզմները որքանո՞վ են իրատեսական»: Նա բարձրացրեց նաեւ ՔԿՀ-ներում ինտերնետ-դասագրքերից օգտվելու հարցը. «Քանի որ ինտերնետ կապ չեք տալիս ՔԿՀ-երում՝ անվտանգության խնդիր կա, բոլոր ՔԿՀ-երի գրադարաններում այսօր նավթալին դասագրքեր են, ոչ մի ուսուցողական գիրք չկա: Իսկ պարապությունը հանցագործության դրդող ամենամոտիվացիաներից մեկն է: Եկեք այս եւ դատապարտյալներին առնչվող մյուս խնդիրները լուծենք. այսօր բժիշկը խուսափում է ՔԿՀ մտնել, քանի որ այդ նույն 70-80 հազար դրամով նա կարող է աշխատել մի պոլիկլինիկայում»: Արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ասելով, որ այս նախաձեռնությունը դրական է գնահատում. «Մարդկանց խնդիրը այն չէ, որ հանցագործ աշխարհին ավելի նվիրված վերադառնա հասարակություն, այլ պետք է նրանք ուղղվեն ու ամբողջական, առողջ անդամներ վերադառնան: Այս նախագիծը այդ խնդիրը լուծում է: Դատապարտյալները պետք է օգտակար լինեն առաջին հերթին իրենց ու իրենց ընտանիքին, ապա՝ հասարակությանը: Ի վերջո, դատավորը վերեւում է, մենք գնահատական չտանք, թե ովքեր են ավելի մեղավոր՝ մենք որ ապրում ենք այստեղ, թե նրանք, որոնք ապրում են ՔԿՀ-երում: Մի դատիր, որ չդատվես, քրիստոնեական այս մոտեցումը պետք է հիշել: Պետք է կողմ քվեարկել այս հումանիստական նախաձեռնությանը»: