Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վանաձորում ընդդիմադիրներից ՀՀԿ-ին 4 ձայն է գնացել, թե 6՝ ոչ ոք չգիտի»

Քաղաքականություն
melikyan-gagik

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն այսօր անդրադարձել է Վանաձորում ու Գյումրիում անցկացված ավագանու ընտրություններին՝ նշելով, որ ընդհանրապես լարված մթնոլորտ չի եղել. «Համակարգային քաղաքական փոփոխություններ իրականացնելուց հետո՝ Սահմանադրական փոփոխություններից հետո, այս ընտրությունները միանգամայն համահունչ: Անմիջապես ժողովրդի կողմից իրականացվեցին բավականին թափանցիկ ու միջազգային նորմերին համահունչ ընտրություններ: Տեղի ունեցած գործընթացը դրական եմ գնահատում: Վանաձորցիների մեծամասնությունը իր ձայնը տվել է ՀՀԿ-ին, իսկ ընդդիմադիրների ձայների գումարով, այո, Քրիստ Մարուքյանն է շատ ձայն ստացել»: Խոսելով ընդդիմադիր երեք ուժի կողմից ձեռք բերված պայմանավորվածության եւ այն խախտելու մասին՝ նա նշեց, որ ինքն այն կարծիքին է, որ գաղափարական հենք չունեցող դաշինքները երկար կյանք չեն կարող ունենալ. «Դրանք կարող են լինել մեռելածին լինել ու այդպես էլ եղավ՝ շատերն ասում են առնետավազք եղավ, ոչ բարոյական քայլեր ընդդիմադիր դաշտում, սակայն ես, կարծում եմ, տեղի ունեցավ այն, ինչ պիտի տեղի ունենար. մարդիկ տվեցին իրենց ձայները նրան, ում ուզում էին, ում ծրագրերը ավելի հավակնոտ էին համարում ու ում կողքին հետագայում պիտի կանգնեին: Նաեւ ուզում եմ ասել, որ չեմ կարծում, որ ընդդիմադիրներից ընդամենը չորս ձայն է գնացել ՀՀԿ թեկնածուին. իսկ ո՞վ ասաց, որ ավելի շատ չեն գնացել: Երեւակայությունն ու բամբասանքը չշփոթեք իրականության հետ, դրանք բացարձակապես այլ կատեգորիաներ են: Ես հաստատ չգիտեմ՝ հաստատ չորս ձա՞յն է  գնացել, թե՞ վեց: Ոչ ոք չգիտի՝ թե ով ինչպես է քվեարկել»: