Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Կարապետյանը հստակեցրել է ՊԵԿ խաղի կանոնները (տեսանյութ)

Քաղաքականություն
varch

Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը ՊԵԿ աշխատակազմին ներկայացրել է ՊԵԿ նոր նախագահ Վարդան Հարությունյանին։ Վարչապետն առաջարկել է սահմանել հստակ խաղի կանոններ. օրինակ՝ սպիտակ դաշտում աշխատողի համար խնդիրներ չպետք է առաջանան, փաստաթղթերի ցանկը պետք է կրճատել, քաշքշուկը, տեղեկանքների քանակը պետք է  հասցնել մինիմումի։ «Շատ դեպքերում միջոցառումներ ենք կազմում, ծրագրավորում՝ այն գործարարի համար, որը դաշտում չէ և որի նկատմամբ պետք է որոշակի պատժամիջոցներ կիրառել: Չենք մտածում, թե այդ գործառույթները, միջոցառումներն ինչ ազդեցություն կունենան օրինապահ, սպիտակ դաշտում աշխատող գործարարի գործունեության համար: Հայտանիշը հետևյալն է. եթե այդ միջոցառումները նույնիսկ կարող են մեծ օգուտ բերել, բայց սպիտակ դաշտում աշխատողի համար խնդիրներ առաջացնել, ապա այդ միջոցառումները չենք կիրառելու: Խաղի կանոններն առավելագույնս պետք է պարզ ձևակերպված լինեն, քաշքշուկը և անհրաժեշտ տեղեկանքների քանակը պետք է հասցնել նվազագույնի: Եթե այս կամ այն երկրի սերտիֆիկատը մեզ համար ընդունելի է, լրացուցիչը չպահանջենք»,- ասել է Կարեն Կարապետյանը: Անդրադառնալով հսկիչ գներին՝ վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է վերանայել դրանց կիրառման մեխանիզմն ապրանքների ներմուծման ժամանակ, կիրառել ապրանքների մաքսային արժեքների հաշվարկի համար գործարքի գնի մեթոդը՝ հիմք ընդունելով արտահանող երկրի մաքսային մարմինների կողմից հաստատված արտահանման ինվոյսը: Ըստ գործադիրի ղեկավարի, այդ ոլորտում բավականին աշխատանք է կատարվել, բայց անելիքներ դեռ կան. «Օրինակ, հստակ սահմանել այն երկրների ցանկը, որոնց նկատմամբ արժանահավատություն կա և ընդունել այնտեղի ինվոյսի գինը: Խոսքն այն երկրների մասին է, որտեղ առկա է ԱԱՀ-ի վերադարձ: Անհրաժեշտ է ուսումնասիրել այս դաշտը, եթե մենք սրանով ոլորտը կանոնակարգում ենք՝ քաշքշուկը վերանում է, հսկիչ գների կիրառման դաշտը փոքրանում է, բիզնեսը հասկանում է խաղի կանոնները, կարծում եմ, որ այստեղ կունենանք արդյունք»: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ՊԵԿ աշխատակազմից ակնկալում է ծառայողի կերպարի արմատական վերափոխում: «Մենք առավելագույնս  պետք է աշխատենք, որպեսզի օրինապահ բիզնեսը, իրավաբանական անձը նվազագույն կերպով զգան ձեր միջամտությունը և հակառակը, ովքեր այդ դաշտում չեն գործում, պարբերաբար պետք է զգան ձեր ներկայությունը»,- ասել է վարչապետը: Ավելին՝ տեսանյութով