«Մեր Տան» աղջիկներից երկուսը ամուսնության առաջարկ ստացան
Ուղիղ տասը տարի առաջ Հայաստանում հիմնադրվեց «Մեր Տուն» հկ-ն. արդեն մեկ տասնամյակ է, ինչ 18- 24 տարեկան ծնողազուրկ և անօթևան աղջիկները ջերմություն և սեր են գտնում այստեղ: Մեր տունը հիմնադրվել է լուսահոգի Ջուլի Աշեկյանի և Տիգրանուհի Կարապետյանի շնորհիվ։ Վերջինս երեկ երեկոյան տասնամյա հոբելյանին նվիրված միջոցառման ընթացքում տեսնելով իր արդեն հասուն և մայր դարձած սաներին՝ չէր կարողանում զսպել արցունքները: «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն բարի մարդկանց, որոնք այս տարիների ընթացքում բացեցին «Մեր Տան» դուռը և իրենց հոգու խոսքն ուղղեցին աղջիկներին, մենք կայացել ենք, դրա մասին վկայում են մեր սաների այսկողմ - այնկողմ վազվզող փոքրիկները»,- նշում է Տիգրանուհի Կարապետյանը: Տասնամյակին նվիրված միջոցառումը հովանավորել և հյուրընկալել էր «Մեգերյան Կարպետ» ընկերությունը, որի նախագահ Րաֆֆի Մեգերյանն էլ աղջիկներից մի քանիսին ձեռագործ գորգեր նվիրեց: Երեկոյի ընթացքում աղջիկներից մեկի ձեռքով գործված գորգը աճուրդի հանվեց և վաճառվեց 1. 7 մլն դրամով: Եղան նաև անակնկալներ։ «Մեր Տան» աղջիկներից երկուսը հենց միջոցառման ընթացքում ամուսնության առաջարկ ստացան. Ալիսան այդ երկուսից մեկն է, ապագա ամուսնու` Հովհաննեսի հետ ծանոթացել է ընդամենը մեկ ամիս առաջ և նման անակնկալի չէր սպասում ու նույնիսկ դժվարանում էր խոսել: Հովհաննեսն իմանալով, որ Հայաստանում նման հաստատություն կա, Ռուսաստանից եկել է հայրենիք՝ «Մեր Տան» աղջիկներից մեկին «ուզելու», և ինչպես իրենք են պատմում, միանգամից հավանել են իրար։ Հովհաննեսը, ինչպես ինքն է ասում, երկար սպասելու կարիք չկար, և արդեն այսօր Ալիսայի մատին մատանի դրեց: «Մեր Տունը» տասը տարիների ընթացքում հյուրընկալել է ավելի քան հիսուն աղջիկների, որոնց գրեթե կեսն արդեն մայր է դարձել: