Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Ծառուկյանի վերադարձը ժողովրդի պահանջն է. Գ. Եղիազարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Exiazaryan-nkar

Հայաստանի իշխանությունները չեն շտապում Սիրիայից Հայաստան տեղափոխել ու տեղավորել հայերին։ Այդ գործողությունը մեծ գումարներ է ենթադրում Հայաստանի պետական բյուջեի համար։ ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ նախ պետք է հետ բերել պետական բյուջեից թալանված գումարները։ «Բավական է, որ հանձնարարականներ տրվեն Ազգային անվտանգությանը, հաշված ամիսների ընթացքում այդ գումարները հետ կբերվեն։ Ինչո՞ւ եմ վստահ ասում, որ 7-8 միլիարդ դոլար երկու ամսում շատ հանգիստ հետ կբերվի, որովհետև թալանի գումարը շատ ավելի մեծ է։ Բավական է կանչեն թալանչիներին ու ասեն՝ դուք մոտավորապես լափել եք 2 միլիարդ դոլար, 1 միլիարդը դրեք սեղանին, արդեն իսկ դնելու են»,- համոզված է Եղիազարյանը։ Համացանցում այս օրերին տարբեր հրապարակումներ են լինում, որոնց միջոցով սիրիահայերը խնդրում են իրենց տեղափոխել Հայաստան։ Ի՞նչ է անում պետությունը, ինչո՞ւ միջոցներ ձեռք չեն առնվում. «Շատերը ցանկություն չունեն գալ Հայաստան։ Եթե պատերազմը երկար շարունակվի, նրանք գուցե տեղափոխվեն Սիրիայից։ Չկա այդպիսի բան, որ չկարողանան տեղեկացնել իրենց վատ վիճակի մասին, ով էլ դիմում է Սփյուռքի նախարարությանը, օգնում ենք»,- հավելում է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը։ Ըստ տեղեկությունների՝ 600 հոգի ցանկություն է հայտնել տեղափոխվել Հայաստան։ Գուրգեն Եղիազարյանը նաև անդրադարձավ ՏԻՄ ընտրություններին.  «Գյումրիում ՀՀԿ-ն պարտվել է, իսկ Վանաձորում ՀՀԿ-ն հաղթել է եւ հաղթել է Սերժ Սարգսյանը, թե ինչպես` շուտով կիմանաք»։ Նա ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հորդորում է վերադառնալ քաղաքականություն. «Եթե նա լիներ, գար եւ տեր կանգներ ԲՀԿ-ին, ԲՀԿ-ն Վանաձորում այդ վիճակի մեջ չէր լինի: Լավ կլիներ Ծառուկյան Գագիկը լսեր ժողովրդի հորդորը: Ժողովրդի պահանջն է նրա վերադարձը: Նա վերադառնալու է: Եթե մի քիչ շուտ տեր կանգներ ԲՀԿ-ին, Վանաձորում այլ պատկեր կունենայինք: Ոչինչ չունեմ  Մարուքյանի դեմ, բայց չի լինում այնպես, որ միանգամից գա եւ իշխանություն վերցնի»: