Վրաստանի խորհրդարանում հայ պատգամավորների թիվը կպակասի (տեսանյութ)
Վաղը Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են: Վրացագետ Հայկազուն Ալվրցյանի խոսքով՝ վրացահայերը չպետք է մեծ ակնկալիքներ ունենան՝ չնայած այն հանգամանքին, որ այս ընտրություններում երկու տասնյակ հայերի անուն է շրջանառության մեջ դրված տարբեր դաշինքների կողմից. «Վրաստանի խորհրդարանում հայ պատգամավորները երբեք մեծամասնություն չեն եղել, երբևէ ի նպաստ հայերի այնտեղ որևէ որոշում չի կայացվել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա: Նրա խոսքով՝ վրացական ութ կուսակցություն առնվազն կարող է անցնել, բայց ամենահավանականը «Վրացական երազանքն» ու «Միացյալ ազգային շարժումն» են: Հայկազուն Ալվրցյանը նշեց, որ այս ընտրությունների մեջ ինտրիգ կա, քանի որ 2012-ին աննախադեպ մի բան եղավ Վրաստանում՝ իշխանությունը փոխվեց ընտրությունների միջոցով, բայց այսօր հարց է՝ արդյոք իշխող կուսակցությունը կփորձի արդար ընտրությունների միջոցով շարունակել կառավարել. «Ակնհայտ է, որ Իվանիշվիլիի կուսակցությունը չիրականացրեց վրաց ընտրողների հույսերն այն չափով, ինչ չափով որ ակնկալվում էր: Որևէ բան չփոխվեց նաեւ հայկական տարածքներում: Որոշ չափով վիճակը բարելավվել էր Սահակաշվիլիի ժամանակ, բայց այն խոստումները, որոնք տվեց Իվանիշվիլին վրացահայերին, բացարձակ չիրականացան»: Հանդիպմանը ներկա՝ Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանն էլ նշեց, որ շրջանների նոր բաժանման արդյունքում հայ պատգամավորների թիվը մեկով պակասել է. «Շրջաններն այս անգամ այնպես բաժանեցին, որ Ախալքալաքը եւ Նինոծմինդան կազմեցին մի շրջան, որտեղից մեկ մարդ է ընտրվում, սակայն ադրբեջանցիների թիվը կաճի, որովհետեւ իրենց կողմից այդտեղ, ամենայն հավանականությամբ, հինգ հոգի կանցնի»,-եզրափակեց նա: