Եվրոպական գումարներ՝ ընտրական համակարգի բարելավման համար
Հոկտեմբերի 7-ին Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական միությունը ներկայացնելու են Արևելյան գործընկերության երկրների, մասնավորապես` Հայաստանի համար նախատեսված ծրագրերի միջնաժամկետ արդյունքները:
2015-2017 թվականների Ծրագրային համագործակցության կառուցակարգի սահմաններում Հայաստանում իրականացվում են չորս ծրագրեր. երկրում ընտրական գործընթացների բարելավում, վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ պայքար, հայաստանյան բանտերում առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդում, ինչպես նաև Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքար:
Ծրագրերը ֆինանսավորվում են ԵՄ-ի և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում են Եվրոպայի խորհրդի կողմից: Այս ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 2.2 մլն. եվրո: Ի լրումն հատուկ Հայաստանի համար նախատեսված այս ծրագրերի՝ Հայաստանը նաև մասնակցում է Արևելյան գործընկերության երկրներ ընդգրկող 14 տարածաշրջանային նախաձեռնությունների: