Գագիկ Ծառուկյանը վերադառնո՞ւմ է. Ա. Մովսիսյանի համար «բեզռազլիչնի» է (տեսանյութ)
Իր քաղաքականություն վերադառնալը Գագիկ Ծառուկյանը գուցե քննարկի Սերժ Սարգսյանի հետ,-կարծում են ԲՀԿ-ական պատգամավորները։ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանն ասում է՝ ամեն ինչ հնարավոր է, ոչ մի բան բացառել չի կարելի: Ըստ ԲՀԿ-ական պատգամավորների, Ծառուկյանի վերադարձի պահանջը կա նաեւ հասարակության մեջ: Միքայել Մելքումյանը չի մեկնաբանի այն տեղեկությունները, որ երեկ երեկոյան Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ԲՀԿ վերնախավի հետ եւ քննարկել իր վերադարձի հավանականությունը։ Միքայել Մելքումյանն էլ է պնդում, որ մարզերում պահանջում են նրա վերադարձը: ԲՀԿ-ի համար գոնե դա շատ բան կնշանակեր. «Պարզ ա, որ Գագիկ Ծառուկյանի հետ միասին Բարգավաճ Հայաստանը շատ շատ ավելի ուժեղ ա, հիմիկվա ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանով ԲՀԿ-ի միջեւ էական տարբերություն կա, միշտ էլ ասել ենք, կարո՞ղ ա դերասանություն համարենք): Առաքել Մովսիսյանը միայն Ծառուկյանի հետ հանդիպելուց հետո կխոսի նրա քաղաքականություն վերադառնալու մասին: Իսկ անձամբ կուզե՞ր, որ Հանրապետականից պախարակված այդ մարդը վերադառնար. «Իմ համար բեզռազլիչնիա»: Հանրապետականը համենայնդեպս չի քննարկում Ծառուկյանի վերադարձը: Ծառուկյան երեւույթի մասին էլ նախկինում ասված մտքերին տեր է։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հաստատում է. «Երեւույթների մասին մեր կարծիքները չեն փոխվում»: Հետեւաբար քաղաքական նոր անհնազանդության դեպքում Ծառուկյանին սպառնում է, Հովիկ Աբրահամյանի բառերով ասած, վերստին բամփվելու վտանգը. «Բամփողների մեջ ես չկամ, բամփողները...»: Լեւոն Զուրաբյանը նույնպես չի ուզում մեկնաբանել Ծառուկյանի հնարավոր վերադարձը: Դա Հայ Ազգային Կոնգրեսի գործունեությանը չի վերաբերում. «Զբաղվել կանխագուշակումներով, չգիտեմ, ինչ-որ սպասումներով, դա մեր գործը չէ»: