«Վատ պարողի նման մեղադրում եք՝ ում ասեք». Տ. Մուկուչյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր ԿԸՀ նախագահի պաշտոնում Տիգրան Մուկուչյանի թեկնածության քննարկումները շարունակվում են: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանն իր ելույթում, ինչպես նախորդ պատգամավորները, անդրադարձավ հոկտեմբերի 2-ին անցկացված ՏԻՄ ընտրություններին՝ ասելով. «Ընտրությունները, իհարկե, իդեալական չեն եղել, կան վերահաշվարկի առիթներ, սակայն կարծում եմ, որ քաղաքական ուժերը ոչ միայն Գյումրիում ու Վանաձորում պետք է ակտիվ լինեն, այլև մյուս համայնքներում. ԸՕ-ով արդեն իսկ հնարավորություն էր տրվել մեր բոլոր կուսակցություններին համայնքի ղեկավարի համար առաջադրել իրենց թեկնածուներին»: Արտահերթ ելույթով հանդես եկավ Հերմինե Նաղդալյանը՝ ասելով. «Մեր երկրում եղել են ժամանակներ, երբ ընտրակեղծարարությունը շատ էր: Այսօր իրավիճակը փոխված է, ու ԿԸՀ-ն այլեւս այդպիսին չէ: Նաեւ՝ մեր քաղաքական կամքի ազդեցության տակ դադարելու է որեւէ կեղծիք կատարելու գործընթացը: ԿԸՀ-ն ընդամենը գործիք է՝ ընտրության արդյունքները ամփոփելու ու ներկայացնելու համար: Ինչ վերաբերում է անցկացված ՏԻՄ ընտրություններին, ապա ահազանգերի հետևից դուք, հարգելի ընդդիմադիրներ, չեք գնացել ու ոչինչ չեք գտել ու նորանոր կասկածներ եք հարուցում, հասարակական կարծիք ձեւավորում: Հայտնի վատ պարողի նման մեղադրում եք ում ասեք, բացի ձեզնից: Ձեր հաջողությունների ու անհաջողությունների համար պատասխանատուն Տիգրան Մուկուչյանը չէ»: Ըստ նրա՝ ՀՀԿ-ն առանցքային ուժ է, ու պետք է ընդունել այս իրողությունը, եւ որի հաջողության գրավականն այն է, որ նա աշխատում է ընտրողի հետ, աշխատում ստանալ նրա ձայնը. «Այս ճանապարհը ես չեմ հնարել, սա ընտրությունների տրամաբանությունն է: Պարոն Մուկուչյան, դուք ասում եք, որ հրապուրված չեք ԿԸՀ ձեր աշխատանքով, ես կուզենայի, որ հրապուրված լինեիք ձեր պաշտոնով, ու այդ հրապուրանքը տարածեիք հանձնաժողովի անդամների վրա»: Նա դժգոհեց, որ խորհրդարանում ԱԺ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների մասին որեւէ հարց չտրվեց Տիգրան Մուկուչյանին. «Մենք թրծվել ենք ընտրական գործընթացներում, ու հիմա տարբեր պիտակավորումներ են տալիս Տիգրան Մուկուչյանի հանձնաժողովի մասին, սակայն կարող ենք ավելի հեղինակավոր անուններ հնչեցնել, որոնք, սակայն, բարեհաջող կերպով մոռացվել են ու անցել պատմության լուսանցքներում: Տիգրան Մուկուչյանի ղեկավարած հանձնաժողովին ուղղված մեղադրանքները ոչ տեխնիկական, ոչ էլ իրավական որեւէ հիմք չունեն: Նույնիսկ Միջազգային դիտորդները կասկածի տակ չեն առել ԿԸՀ անդամների բարձր որակներն ու պրոֆեսիոնալիզմը»: Իսկ ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց, թե անցկացված ՏԻՄ մեկ-երկուսուկես տոկոս ձայն հավաքածները իրենց անհաջողության մեղքը ուրիշների վրա են գցում. «Թող մեղքի բաժինը ման գան ուրիշ տեղ՝ առաջին հերթին իրենց մեջ. մարդկանց մեջ ամեն ինչ տեսանելի է, ու ամեն ինչ միայն փողոցներում չի արվոմ՝ պետք է գործ անել: Ես հետեւել եմ ԿԸՀ կազմակերպչական աշխատանքներին ու ուզում եմ ասել, որ ամեն ինչ արվել է պատշաճ մակարդակով»: Շնորհավորելով այսօր ուսուցչի տոնի առիթով՝ նա խոսեց նաեւ հանձնաժողովի անդամ կամ նախագահ հանդիսացող ուսուցիչների մասին, որոնք, ըստ ընդդիմադիրների, մասնակցել են ընտրակեղծարարությանը. «Նրանց բարի համբավը արատավորելու բողոքներ են ներկայացրել, սակայն դրանք կեղծ դիմումներ են ուսուցիչների նկատմամբ: Որեւէ մեկին այդ առիթով պատասխանատվության չեն ենթարկել: Մենք կարծում ենք՝ այդ հարցը մի ձեւ պետք է լուծել, մանավանդ այսօր նրանց օրն է»: