Լրագրողը, դերասանն ու դաշնակահարը բնակարաններ կստանան Երևանում (տեսանյութ)
Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Սվետլանա Նավասարդյանին Երևանի ավագանին այսօր բնակարան կտրամադրի: ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի և միջազգային չորս մրցույթի դափնեկիր «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» եւ «Պատվո» շքանշանակիր, «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» շքանշանի ասպետ Սվետլանա Նավասարդյանը ստեղծագործական արվեստանոց-բնակարան հատկացնելու խնդրանքով Երևանի քաղաքապետին էր դիմել: Դիմողը նշել է, որ մշտական գերծանրաբեռնվածությունը, բազմաբնույթ լարված աշխատանքը, որը պահանջում է և՛ երկարաժամյա պարապմունքներ և՛ ծայրահեղ կենտրոնացում, դժվար է իրականացնել բնակարանային ներկայիս պայմաններում: Երկար տարիներ ապրում է քրոջ և զարմիկի բազմանդամ ընտանիքի հետ միասին, ապրում՝համերաշխ, սակայն վաղուց ի վեր հասունացել է ստեղծագործական արվեստանոց-բնակարան ունենալու խնդիրը: Նշել է նաև, որ ստեղծագործական բազում ծրագրերի իրագործման համար անհրաժեշտ պայմանները թույլ կտան իրեն առավելագույնս բացահայտելու իր կարողությունը՝ ի նպաստ հայրենի մշակույթի: Շինարարների փողոցի հ.15 շենքի հ.3՝ 69.55 քմ մակերեսով բնակարանն էլ սեփականության իրավունքով անհատույց օտարվի ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Հայկազունուն (Գուսան Հայկազուն)։ Գուսանը 5 երեխաների հայր է, ապրում է Նոր Խարբերդի 26-րդ փողոցի հ.69/23 այգեգործական հողամասում, բնակության համար ոչ պիտանի պայմաններում և, ցավոք, ունի բնակարանային պայմանների խիստ կարիքավորություն։ Նույն շենքից բնակարան կստանա նաեւ ՀՀ վաստակավոր արտիստ՝ Ռադիկ Գաբրիելյանին։ Սիրված երաժիշտ Ռադիկ Գաբրիելյանը կնոջ հետ համատեղ բնակվում է փոքր բնակելի տարածք զբաղեցնող կիսաքանդ բնակարանում՝ զրկված լինելով ապրելու և ստեղծագործելու տարրական պայմաններից։ Բնակարան կստանա նաեւ լրագրող Մարիետա Մակարյանը: 72,8 քմ մակերեսով բնակարանը գտնվում է Շինարարների փողոցի հ.6/1 շենքի հ.50 հասցեում: Ըստ դիմումի՝ Մարիետա Մակարյանը այրի է, ունի երկու զավակ, որոնք ունեն իրենց ընտանիքները և բոլորը միասին բնակվում են մեկ սենյականոց բնակարանում: Ներկայացվող նախագծով բնակարան կստանա նաեւ 8 անչափահաս երեխաներ ունեցող Լուսինե Բակունցի եւ Արթուր Սաֆարյանի ընտանիքը: Մեծ զավակը 18 տարին դեռ չի բոլորել, իսկ փոքրը ընդամենը 2 տարեկան է։ Ընտանիքը ապրում էր վարձակալական հիմունքներով: