Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարկային օրենսգիրքն ընդունվեց, քննարկվում է ԿԸՀ նախագահի հարցը (տեսանյութ)

Քաղաքականություն
tdQNFB63jAc

78 կողմ, 19 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այսօր ԱԺ-ն երրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց Հարկային նոր օրենսգիրքը: Մինչ քվեարկությունը, պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ դեմ է, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ իրենց խմբակցության կուսակցական պատգամավորները չեն մասնակցի քվեարկությանը, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ ասաց՝ քանի որ նոր օրենսգրքով ավելանում է հարկային բեռը, պետք է այս նախագիծը հետաձգել, հավելյալ քննարկել: ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ դեմ է նախագծին, քանի որ իր առաջարկների մեծ մասը չի ընդունվել, մասնավորապես Հայ Առաքելական եկեղեցու հարկման մասին առաջարկը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենց փորձագետները չեն մասնակցել քննարկումներին ու իրենք սխալ են համարում, որ նախագիծն այսպես հապշտապ բերվել է ԱԺ քննարկման, հետեւաբար իրենք դեմ են: «Պարոն Սահակյան, հիմա ես բողոք ունեմ ձեր՝ որպես  նախագահի եւ ԱԺ աշխատակազմի դեմ՝ ինչո՞ւ հատուկ հրավիրատոմսեր չեք բաժանում: 25 քննարկում ենք արել, չեն մասնակցել»,- հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը: «Իսկապես պետք է հարմարավետության բաժին ստեղծել»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը: Քվեարկության ժամանակ իրենց բացակա գործընկերների փոխարեն քվեարկեցին ՀՀԿ պատգամավորներ Մուրադ Մուրադյանը, Վրեժ Մարկոսյանը: Գալուստ Սահակյանը նաեւ հայտարարեց, որ պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը: Պատգամավորը մանդատը կարող է հետ վերցնել 15 օրյա ժամկետում: Այս պահին ԱԺ-ն քննարկում է ԿԸՀ նախագահի ընտրության հարցը: ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացրել է գործող նախագահ Տիգրան Մուկուչյանի թեկնածությունը: