Գյումրիում քվեարկել են ռուսական անձնագրով
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳՐՈՎ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի Գյումրիի ընտրատեղամասերից մեկում քաղաքացին քվեարկել է ռուսական անձնագրով: Ապատեղեկատվությունը բացառելու նպատակով պարզաբանում ենք: ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն նաև ՀՀ քաղաքացիություն չուենցող անձինք (այսինքն, օտարերկրյա քաղաքացիները, փախստականները, քաղաքացիություն չունեցող անձինք): Մասնավորապես, նշված օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած՝ ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 հունիսի 17-ի թիվ 21-Ն որոշմամբ սահմանվել է ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՀՀ քաղաքացիություն չունեցող ընտրողների անձը հաստատող փաստաթղթերի տեսակները: Նույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն, ժամանակավոր կամ մշտական կացության քարտի կամ ՀՀ հատուկ անձնագրի բացակայության դեպքում ՌԴ քաղաքացիների համար ընտրությանը մասնակցելու անձը հաստատող փաստաթուղթ է համարվում ՌԴ քաղաքացիությունը հավաստող անձնագիրը` տվյալ համայնքի բնակչության պետական ռեգիստրում հաշվառման վերաբերյալ նշումով: Հետևաբար, եթե ընտրողը հանդիսանում է ՌԴ քաղաքացի և չունի ՀՀ քաղաքացիություն, բնակչության պետական ռեգիստրում ունի առնվազն մեկ տարվա հաշվառում, ՌԴ քաղաքացիությունը հավաստող անձնագրով կարող է մասնակցել ընտրությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը