Արայիկ Խանդոյանը չի համարում, որ պարտվել է ընտրություններում (տեսանյութ)
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը չի համարում, որ պարտվել է Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի ընտրություններում: «Երկու կարեւորագույն հանգամանքների վրա նա շեշտադրում արեց: Առաջինը՝ որ ամեն դեպքում հաղթանակ էր եւ այն պայմաններում, որ ընթացան ընտրությունները, ճնշումները, սահմանափակումները, վարչական լծակները, այն ամենը ինչը տեղի ունեցավ, ընդհուպ ընտրակաշառքների բաժանումը»,- ասաց Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Պաշտպանը երեկ ուշ երեկոյան է այցելել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Արայիկ Խանդոյանին: «Առաջինը, երբ հարցրեցի նրա որպիսությունը, ասաց՝ գերազանց եւ իր համար թեւավոր դարձած խոսքը՝ մենք կանգուն ենք մեր լեռների պես»: Սեպտեմբերի 18-ին Ծաղկահովիտում Արայիկ Խանդոյանի օգտին քվեարկել է 257 ընտրող: «Ինքը համարում է, որ այդքան մարդ ընտրեց ազատությունը՝ ոչ ասելով ստրկությանը եւ բռնապետությանը»,- իրենց զրույցից փոխանցեց Արայիկ Պապիկյանը: Պաշտպանին Արայիկ Խանդոյանը փոխանցել է, որ ընտրություններից հետո եւս մեկ անգամ հաստատվեց «Սասնա Ծռեր»-ի գաղափարախոսությունը. «Որ ներկա պայմաններում ընտրությունները միջոց չեն ժողովրդաիշխանության հաստատման համար»: «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը մեղադրվում է ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ պատանդ վերցնելու եւ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու մեջ: