«Ավելի լավ, որ նոր վարչապետը չի շփվել այս համակարգի հետ». ՀՀԿ-ական (տեսանյութ)
Մենք ունենք արդեն ավանդույթ դարձած ընտրական պրոցեսի քրեականացում եւ նախապատրաստման, եւ բուն պրոցեսի ընթացքում. Կարծում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը. «Եթե շատ հեռու չգնանք, ամբողջ սահմանադրության քվեարկության պրոցեսը հազար ու մի կեղտ բերեց եւ լրացուցիչ ցույց տվեց, որ մեր իշխանությունը եւ ընտրությունների կազմակերպման մեխանիզմը գնալով ավելի եւ ավելի արատավոր են դառնում»։ Նրա խոսքերով՝ ՏԻՄ ընտրությանը ընդառաջ Էջմիածնում տեղի ունեցած միջադեպի համար պետք է պատասխան տա նաեւ ՀՀԿ-ն: «Ինչո՞ւ են ՀՀԿ թեկնածուների շուրջ շարունակ քրեական պրոցեսներ կատարվում, ամենատարբեր տեղերում՝ եւ շատ հայտնի անձանց, եւ ժառանգական ընտանիքների շուրջ»,- հարց է բարձրացնում ազգագրագետը: Հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանը նշում է՝ ՏԻՄ ընտրությունները չի կարող քաղաքական չլինել եւ Հանրապետական կուսակցությունը երբեք պատասխանատվությունից չի խուսափում. «Հենց դրա համար էլ շան լափ են թափում հանրապետական կուսակցության վրա»: Ըստ ԱԺ պատգամավորի՝ Հանրապետական կուսակցության համար կարեւոր չէ, թե ով է ընտրվում գյուղապետ: «Մեկ է՝ այսպես, թե այնպես իրենց ասածը պետք է անեն չէ՞»,- հակադարձեց Հրանուշ Խառատյանը: ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանն անդրադարձավ նաեւ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակմանը եւ այն դիտարկմանը, որ նա ՀՀԿ-ից չէ: «Ավելի լավ, որ ՀՀԿ-ական չի, չի շփվել այն համակարգի հետ, որին նաեւ քննադատում են»,-ասաց նա: Հարցին՝ թե կեղտո՞տ կուսակցություն է ՀՀԿ-ն, Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, որ պրովոկացիոն բաներ պետք չէ ասել: Իսկ կուսակցությունը բավականին ձեռքբերումներ ունի: Նորանշանակ վարչապետը, ըստ Լեռնիկ Ալեքսանյանի, մեր երկրի եւ դրականի եւ բացասականի հետ քիչ է կապված, բայց ինչքան եղել է դրական իմիջ է թողել: