Ուղղորդում են ընտրողներին, փակում ընտրատեղամասի դռները (տեսանյութ)
Աշտարակի ավագանու անդամ Վահագն Մկրտչյանը օգնում է ընտրողին՝ իբրեւ թե նա չի կարողանում տեսնել․ «Հանձնաժողովի միջամտությամբ քաղաքացին ինքնուրույն ընտրեց, բայց հետո եկավ Մկրտչյանը եւ պահանջում էր չեղյալ հայտարարել եւ օգնել»,-«Ա1+»-ին ասաց Աշտարակի 14/10 ընտրատեղամասում գտնվող «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» դիտորդ Անուշիկ Ռշտունին։ Ըստ այդմ՝ Աշտարակի 14/10 ընտրատեղամասում ընտրողները գալիս են քվեարկելու թերթիկներով, ուր գրված են ընտրողների հերթական համարները և ավագանու թեկնածու Տաշչյան Մուշեղ Սայաթ-Նովայի հերթական համարը։ Նրա խոսքերով՝ գալիս են այնպիսի թղթերով, որտեղ նույն ձեռագրերով գրված է իրենց համարը. «Ամեն ինչ արվում է դրսում, մարդիկ ուղղորդված են գալիս, շատ են ծերերին ուղղորդում»,- ասաց դիտորդը։ Իսկ Արարատի մարզի Խարբերդ համայնքում հանրապետականի թեկնածուն հենց տեղամասի տարածքում է եղել՝ փորձելով համակարգել ընտրական գործընթացը։ Մարդկանց կուտակումների պատճառով 16/02 ընտրատեղամասի դռները փակել են։ Տեսանյութը Խարբերդից՝ hetq.am-ի