«Հայաստանում կան մարդիկ, որ 100 միլիոնավոր դոլարներ են աշխատում» (տեսանյութ)
«Կարեն Կարապետյանը շատ խելոք, պատրաստված մարդ է, սակայն նա կկարողանա կատարել Հայաստանին անհրաժեշտ փոփոխությունները միայն այն դեպքում, եթե ինքը կարողանա կառավարությունում ձեւավորել միասնական նպատակներ ունեցող թիմ, այլ ոչ թե նորից տարբեր տեղերից նախարարներ լինեն, ովքեր աստված գիտի, թե ինչ ճանապարհներով են դարձել նախարար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային խորհրդի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը։ Ըստ նրա՝ այսօր Հայաստանում մեծ փոփոխությունների ձգտում կա, որոնք իրագործելու համար անհրաժեշտ է, որ հասարակությունը եւ իշխանությունները կարողանան իրենց առջեւ երկարաժամկետ եւ կարճաժամկետ խնդիրներ դնել, ապա ստուգել, թե որքանով են դրանք իրագործվել։ Հայաստանի առաջին վարչապետն առանձնացնում է նաեւ այն խնդիրները, որոնց լուծմանը պետք է ձեռնամուխ լինի կառավարությունը։ Ըստ նրա՝ առաջին խնդիրը ներդրումների ներգրավումն է։ «Եթե ներդրումներ չկան եւ գումար չի ներդրվում տնտեսության մեջ, ապա ոչ մի արդյունքի հնարավոր չէ հասնել։ Մինչդեռ Հայաստանի ներսում կան մարդիկ, ովքեր շատ գումարներ են աշխատում՝ հասցնելով 100 միլիոնավոր դոլարների, սակայն նրանց կատարած ներդրումները չնչին են։ Կամ դրսում տուն են առնում, կամ ինչ- որ գործարան են առնում՝ շոկոլադի, կոնֆետի, կոշիկի, այսինքն` ներքին ներդրումներ չկան, շատ քիչ են։ Դրսի ներդրումներն էլ քիչ են Հայաստանը հուսալի երկիր չի համարվում, եթե այդ հարցը չլուծվի, երկիրը առաջ գնալ չի կարող»,- ասաց Վազգեն Մանուկյանն՝ ընդգծելով, որ վարչապետը պետք է առաջին հերթին ապահովի ներքին ներդրումներ, որոնք էլ իրենց հետեւից նաեւ արտաքին ներդրումները կխթանեն; Հաջորդ խնդիրը, որ պետք է լուծել, ըստ հանրային խորհրդի նախագահի, ազատ մրցակցային տնտեսության ապահովումն է։ Այստեղ նա կարեւորում է հարկային եւ մաքսային ոլորտները, որտեղ պետք է աշխատեն «ազնվագույն, երկրին նվիրված մարդիկ»։ «Մինչդեռ հիմա այս մարմինները դարձել են հարստանալու կամ ընտանիքը պահելու տեղ»,- ասաց նա։ Երրորդ խնդիրը անկախ դատական համակարգն է։ «Եթե մարդը չի կարող իր իրավունքները դատարանում պաշտպանել, ապա ոչ մի տնտեսական զարգացում լինել չի կարող»,- ընդգծեց Վազգեն Մանուկյանը։ Չորրորդ հարցը շուկայի հարցն է։ «Հայաստանի շուկան շատ փոքր է եւ տարեցտարի փոքրանում է։ Եվրասիական միությանն անդամակցությամբ հույս կար, որ արտադրողների համար շուկան կապահովվեր, սակայն այդտեղ էլ խնդիրներ կան։ Կառավարությունը պետք է կարողանա ապահովել արտադրողների համար շուկա»,- ասաց Վ. Մանուկյանը՝ եւս մեկ անգամ ընդգծելով, որ այս ամենն իրականացնելու համար վարչապետը պետք է կարողանա ունենալ իր թիմը։