«Սերժ Սարգսյանի նկարը բացատրում է՝ որ սպանությունն է քրեական, որը՝ ոչ» (տեսանյութ)
ԱԺ նիստում այսօր շարունակվեցին Արթուր Դավթյանի՝ ՀՀ Գլխավոր դատախազի թեկնածության վերաբերյալ պատգամավորների ելույթները: ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ մինչ Արթուր Դավթյանին անդրադառնալը, կնախընտրի խոսել նրա նախորդների մասին. «Նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հեռացման հանգմանանքերին այդպես էլ չծանոթացանք. Կոստանյանը հրաժարական տվեց օգոստոսին, պաշտոնական պատճառաբանությունը առողջական խնդիրներն էին, ու հանրությունը որոշակի կասկածներով էր դրան վերաբերվում, քանի որ առանցքային պաշտոնյայի հեռացումը մի տողով բացատրելը, առնվազն անհասկանալի է: Պատշաճությունը ենթադրում է նաեւ բացատրել, քանի որ ատամի ցավն էլ է առողջական խնդիր: Քանի որ նա մարդկանց ճակատագրի հետ է գործ ունեցել, այդ պատճառով նրա առողջական խնդիրները կարող էր ազդել նրա ադեկվատության վրա»: Պատգամավորը մեջբերեց մամուլի հրապարակումներից, որտեղ նշվում է, որ Գեւորգ Կոստանյանը հրաժարական է տվել ՊՆ մատակարարումների հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ իրեն պատկանող ընկերությունները ուռճացված գներով են մատակարարում արել. «Նույն փաստերը վերաբերում են նաեւ Աղվան Հովսեփյանի տղային»: Պարոն Փաշինյանն, անդրադառնալով Արթուր Դավթյանի կենսագրությանը, նկատեց՝ վերջին տարերին մեր երկրում մի առեղծվածի հետ ենք առնչվում, որ մարդիկ են պաշտոնի նշանակվում, որոնք առնչվում են աղմկահարույց գործերի հետ. «Արթուր Դավթյանը կապ ունի «Հարսնաքար»-ի գործի հետ: Այս ընթացքում Արթուր Դավթյանը նշանակվեց սկզբում Շենգավիթի վարչական շրջանի դատախազ, որից հետո Երեւան քաղաքի դատախազ: Ու այս ամբողջ ընթացքում նրա անունը զուգորդվում է «Հարսնաքար»-ի գործով Ռուբեն Հայրապետյանի՝ այս կամ այն առնչության հետ: Այստեղից էլ այն պատճառաբանությունը, թե ինչու է իրավապահ համակարգի ներկայացուցիչների սենյակներում կախված Սերժ Սարգսյանի նկարը. Սերժ Սարգսյանի նկարը բացատրում է, որ սպանությունն է քրեական, որը՝ ոչ, ամեն իրիկուն նրան զեկուցում են, ամեն առավոտ՝ հրահանգ ստանում»: