«Սասնա ծռերի» գործունեությունը արագացրեց այս ամեն ինչը. ՀՀԿ-ական (տեսանյութ)
Վարչապետի միակ թեկնածու Կարեն Կարապետյանին ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լավ գիտի՝ նա եռանդուն է եւ ժամանակակից մտածողությամբ. «Այնպես չէ, որ գալու է 180 աստիճանով ամեն ինչ շուռ տա»: Սակայն հաջորդ վարչապետը չի կարող հաջորդ կառավարության կազմից դուրս թողնել Դաշնակցության նախարարներին. «Առնվազն նույն կազմով մեր նախարարները կշարունակեն պաշտոնավարել»: Ազգային համաձայնության կառավարության մասին, ըստ դաշնակցական պատգամավորի, կարելի է խոսել միայն 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո։ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանն առաջին հանրապետականն է, որը հրապարակավ պնդում է «Սասնա ծռերի» դերը կառավարության ղեկավարի փոփոխության հարցում. «Սասնա ծռերի» գործունեությունը արագացրեց այս ամեն ինչը կարծում եմ, որովհետեւ եթե չլիներ նման գործողություն, միգուցե մենք սրան գայինք երեք տարի հետո, չորս տարի հետո»: Ի դեպ, կառավարության փոփոխությունից հետո մարդկանց համար տեսանելի փոփոխությունների եւ աղքատության կտրուկ կրճատման առումով Հանրապետական պատգամավորը չի շտապի. «Փոփոխությունները մարդը կարող ա իր մաշկի վրա զգալ գոնե 10 տարում»: Կհամաձայնվե՞ն ընդդիմադիր ուժերը Ազգային համաձայնության կառավարության մաս կազմել. «Բարոյական առումով պարտավոր են, որովհետեւ սա նաեւ իրենց պահանջն է ստեղծել մի կառավարություն, որը որ կոչվի Ազգային համաձայնության կառավարություն»: