«Ինձ հարցնում են՝ Քոչարյանը վերադառնո՞ւմ է, թե՞ ոչ» (տեսանյութ)
ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ վերջին խոսակցություններից պատգամավոր Ստեփան Մարգարյանի համար պարզ չէ՝ ինչն է դրվում բանակցություններին սեղանին: «Հատկապես մեր կողմից անընդհատ լսում ենք, որ պետք է լինի փոխզիջում: Այն, ինչ որ ակնկալվում է փոխզիջել մեր կողմից, դա հասկանալի է, իսկ ի՞նչ ենք մենք ստանում, ի՞նչ է զիջելու Ադրբեջանը, այդպես էլ պարզ չէ»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Համախմբում» կուսակցության անդամ, պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Հակամարտության կարգավորման առումով Ռոբերտ Քոչարյանի արտահայտած վերջին տեսակետները Ստեփան Մարգարյանը համարում է ընդհանրական, սակայն դրականորեն առանձնացնում է նրա կառավարման տարիներին ստորագրված մադրիդյան աղմկահարույց սկզբունքները. «Մադրիդյանի մասին շատ է խոսվում որպես բացասական: Կարծում եմ՝ մի ուղղորդված ուղղություն կա, որտեղից խոսվում է: Առաջին անգամ պատմության մեջ Մադրիդյան սկզբունքներում ֆիքսվեց ԼՂ ինքնորոշման իրավունք ունենալը՝ հանրաքվեի միջոցով, ինչպես նաեւ՝որ տարածքը պետք է լինի եւ ինչ ազգաբնակչությամբ պետք է լինի»: Հասարակությունն ամեն անգամ քննադատաբար է ընդունում Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցները: Պարոն Մարգարյանը դա ուղղորդված մամուլի քայլեր է համարում. «Հենց ինքը խոսում է, բոլորը դա կապում են նրա վերադարձի հետ: Ինձ հարցնում են՝ նա վերադառնո՞ւմ է, թե ոչ: Մարդը հարցազրույց է տվել, դա կապ ունի՞ վերադառնալու հետ, թե ոչ: Չգիտեմ. նա քաղաքական գործիչ է, որ երկար ավանդ ունի ՀՀ-ում: Ոչ մեկի հարցազրույցից չենք զարմանում, զարմանում ենք նրա հարցազրույցի՞ց: Դա մի քիչ ուղղորդված է, ու աբսուրդի հոտ եմ առնում դրանից»: Կարծիք կա, որ Ռոբերտ Քոչարյանն այսպիսի հարցազրույցներով, ինչպես նաեւ՝ «Համախմբում» կուսակցության միջոցով, փորձում է նախապատրաստել իր վերադարձը. «Սպասենք, տեսնենք: Ենթադրությունների մակարդակով խոսելը ես ճիշտ չեմ համարում. մենք հայտարարել ենք կուսակցությունը՝ նախաձեռնող խմբով, կուսակցությունը ստեղծել է ղեկավար մարմիններ, որտեղ չկա պարոն Քոչարյանը»: Ստեփան Մարգարյանը չի բացառում, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին եղել են սխալներ ու բացթողումներ, սակայն կարծում է, որ այսօրվա վատ բաները չպետք է արդարացնել նախկինում արվածների հետ: