Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Օսկար»-ի առաջադրվող հայկական ֆիլմը (տեսանյութ)

Մշակույթ
oskar

Հայկական արտադրության՝ «Երկրաշարժ» ֆիլմը կառաջադրվի «Օսկար»-ի 89-րդ մրցանակաբաշխությանը: Այսօր՝ սեպտեմբերի 3-ին,  Հայաստանի կինեմատոգրաֆիսնտերի միության 24 անդամները հերթական նիստի ժամանակ առաջարկված երեք ֆիլմերից ընտրեցին ռուսաստանաբնակ Սարիկ Անդրիասյանի ֆիլմը, որն առաջադրվելու է «Օսկար»- ի՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Նշենք, որ բացի  «Երկրաշարժ» ֆիլմից, առաջարկված էին նաեւ Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» եւ Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, ցուրտ ձմեռ»-ը: Քվեարկությունն անցավ երկու փուլով եւ բավականին բուռն, քանի որ կինեմատոգրաֆիսնտերի միության 24 անդամները երկար ժամանակ չէին կողմնորոշվում, թե ինչպես անցկացնել այն, ձայների քանի տոկոսով պետք է անցնի ֆիլմը եւ այլն: Քվերակության առաջին փուլում ձայների մեծամասնությունը՝ ընդամենը 7 ձայն, ստացավ «Վերջին բնակիչը» ֆիլմը, «Երկրաշարժը» ստացավ 5, իսկ «Տաք երկիր, ցուրտ ձմեռ»-ը՝ 3 ձայն: Քվեարկության մասնակիցները, սակայն, որոշեցին, որ ծիծաղելի է «Օսկար»-ի ուղարկել մի ֆիլմ, որը 24-ից 7 ձայն է ստացել, եւ առաջարկվեց անցկացնել երկրորդ քվեարկությունը: Այս անգամ քվեարկության առաջադրվեցին առավեալգույն ձայներ ստացած երկու ֆիլմերը՝ «Վերջին բնակիչը» եւ «Երկրաշարժ»-ը: Վերջինս ստացավ 9, իսկ «Վերջին բնակիչը»՝ 6 ձայն: Հավելենք, որ «Երկրաշարժ»-ը պատմում է Գյումրիի՝ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի մասին: Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցն ասաց, որ «Երկրաշարժ» ֆիլմը խայտառակ եւ հակահայկական ֆիլմ է. «Ամբողջ ֆիլմն այն մասին է, որ հենց երկրաշաժը լինում է, հայը հանում է մահացածի ձեռքի ժամացույցը, իսկ երկու ռուս մարդ հանդես են գալիս որպես հերոսներ, որոնք փրկում են հայերին: Տեխնիկապես շատ լավ է արված, բայց դա հակահայկական ֆիլմ է»: Ըստ նրա՝ հակահայկական է նաեւ «Վերջին բնակիչը»: «Ահավոր ֆիլմ է դա, սյուժեն անհեթեթություն է: Եթե ռեժիսորը թուրքի դերում խաղացնում է պարսիկ դերասանի, իսկ պարսիկերն արիացի են, դա արդեն դիվերսիա է»,-նշեց նա՝ հավելելով, որ առաջարկված երեք ֆիլմերից կինոյին մոտ էր «Տաք երկիր, ցուրտ ձմեռ»-ը: «Բայց էլի «Օսկարի» բան չէր: Քանի որ ինքս մասնակցել եմ «Օսկարի», ես չափանիշները շատ լավ գիտեմ»: Գևորգյանցը հավելեց, թե չի հասկանում այն մոլուցքը, որով ցանկանում ենք անպայման մասնակցել «Օսկարին»: «Իսկ եթե գեյերի փառատոն լիներ, պիտի անպայման Հայաստանը մասնակցե՞ր»,-հարցրեց նա: Քվեարկությանը մասնակցած Միքայել Պողոսյանը կարծում է, որ «Օսկարի» առաջադրվելու համար ամենարժանի ֆիլմն այս երեքից «Տաք երկիր, ցուրտ ձմեռ»-ն էր: Խոսելով «Երկրաշարժի» մասին, Պողոսյանն ասաց, որ հենց դա պիտի անցներ, քանի որ «Վերջին բնակիչն» իր համար անընդունելի ֆիլմ է: Մանրամասները՝ տեսանյութում: