Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՌԴ-ն մեզ ներկայացնում է որպես իր քաղաքականության սպասարկու». ԵՏՄ պտուղները

Կարևոր լուրեր Քաղաքականություն
styopa

ԵՏՄ-ն ՀՀ-ից վերցրեց ինքնիշխանություն` դրա դիմաց չտալով ոչինչ: «Ա1+»-ի հետ զրույցում նման գնահատական տվեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն՝ անդրադառնալով 2013թ. սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի՝ մի գիշերում կայացրած որոշմանը՝ ԵՏՄ անդամակցության վերաբերյալ: Ըստ նրա՝ ԵՏՄ-ն ՀՀ-ին չտվեց ոչ անվտանգության երաշխիքներ, ոչ տնտեսական զարգացման հեռանկարներ, եւ ոչ էլ բարեկեցության հույս. «Ասոցացման պայմանագիրը չստորագրելու կամ ԵՏՄ անդամակցելու արդյունքում մենք, իհարկե, դրանից առաջ ոչ թե եվրոպացի էինք ու դարձանք եվրասիացի, այլ կորցրինք եվրոպական ոճի, տիպի ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն կառուցելու լուրջ հնարավորությունը: ՀՀ իշխանություններից սկսած վերջացրած հայաստանյան քաղաքական ուժերով, կամ չփորձեցին հասկանալ ԵՏՄ հետապնդած նպատակները, կամ հասկացան ու անազնիվ վարվեցին ՀՀ հետ՝ բացատրելով, թե իբրեւ դրա արդյունքում մեր անվտանգությունն է բարելավվելու, մեր տնտեսությունը ինտեգրված է ԱՊՀ տարածքին, հետեւաբար այդտեղ կարող ենք արագ արդյունքներ արձանագրել»: Քաղաքագետների խոսքերով՝ մի բան ակնհայտ էր այն ժամանակ, որի մասին խոսում էին քչերը՝ ՌԴ իրական ցանկությունը ոչ թե առանձին բեւեռ կառուցելն էր իր շուրջ, այլ ՀՀ-ին ու նման պետություններին զրկելն էր ինքնիշխանությունից, այլ ուժային կենտրոնների հետ հարաբերվելու իրավունքից. «Ամբողջ աշխարհի առջեւ Իրանը բացվել է, բոլորը Իրանի հետ պայմանագրեր են կնքում, Իրանը մեր հարեւանն է, մենք կարող էինք լուրջ դիվերսիֆիկացնել մեր տնտեսությունը, օրինակ՝ էներգակիրների առումով ունենալ այլընտրանքային աղբյուրներ, սակայն մենք դա չենք կարող անել, քանի որ տնտեսական դաշտում որոշումներ կայացնելու ինքնուրույնությունը մենք պատվիրակել ենք ՌԴ-ին. եթե նա չցանկանա, որ մենք համագործակցենք Իրանի հետ խոշոր ծրագրերի առումով, դա տեղի չի կարող ունենալ, խոսքը չի վերաբերում փոքր ինչ-որ ծրագրերին»: Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ՝ անվտանգության առումով էլ տեսանք, որ Սերժ Սարգսյանի՝ ԵՏՄ անդամակցության որոշումը որեւէ կերպ չի գնահատվել ՌԴ կողմից. «ՌԴ-ն շարունակեց սպառազինել մեր հակառակորդին, որդեգրեց վերին աստիճանի մերժելի քաղաքականություն ապրիլյան պատերազմի օրերին եւ, կարելի է ասել, արեց ամեն ինչ, որ Ադրբեջանը մեզ վրա հարձակվի: Այժմ էլ նկատելի է, որ ՌԴ-ն շարունակում է ՀՀ ինքնիշխանությունը կլանելու այդ քաղաքականությունը՝ դա արեց օդային տարածության վերահսկողության հարցում՝ միացյալ ՀՕՊ ստեղծելով, դա անում է ցամաքային զորքերի մակարդակով՝ համատեղ զորախումբ տեղավորելու ձեւով: Ամբողջ թիրախը այն է, որ ՀՀ-ն հանկարծ ԵՄ Ասոցացման պայմանագրի նման այլ պայմանագիր չստորագրի, ՆԱՏՕ-ի հետ չստորագրի գործողությունների նոր ծրագիր: Այսինքն, ԵՏՄ-ն, ցավոք սրտի, դարձավ ամենալուրջ քայլը ՀՀ ինքնիշխանությունը սահմանափակելու առումով: Այսպես թե այնպես ՀՀ-ն անկախության բարձր աստիճան չուներ՝ իր տնտեսության հիմնական տարողությունները հանձնել է ՌԴ-ին, բայց գոնե որոշումների ընդունման մակարդակով ուներ ազատություն: Բավական էր, որ ՀՀ-ում ձեւավորվեր լեգիտիմ իշխանություն՝ ժողովրդական աջակցությամբ եւ այդ դեպքում մենք լրիվ այլ իրավիճակ կունենայինք: Սակայն ՌԴ-ն թույլ չտվեց փոխել ոչ պետության մոդելը, ոչ էլ հանդուրժում է ՀՀ միջազգային անկախ քաղաքականությունը: Այդ առումով փորձում է ամեն ինչ անել՝ ստորացնելու, նվաստացնելու ՀՀ-ն եւ միջազգային հարթակներում մեզ՝ որպես ՌԴ քաղաքականության սպասարկու ներկայացնելու  համար»: Արդյոք իշխանություններն այս ընթացքում կարողացա՞ն իրականացնել իրենց խոստացած «եւ-եւ»ի քաղաքականությունը ԵՄ եւ ԵՏՄ հետ, պարոն Սաֆարյանի կարծիքը միանշանակ էր՝ ոչ. «Միակ թույլ հույսն այն էր,  որ գոնե ՀՀ-ն կկարողանար այդ 3 տարիների ընթացքում ԵՄ հետ թարմացնել իր պայմանագրային հենքը, սակայն դա էլ չարեց, դա էլ չթույլատրվեց. այնպես չէ, որ միայն Մոսկվա չթույլատրեց, ՀՀ իշխանությունն ինքն էլ առանձնապես մեծ ջանքեր չգործադրեց դա անելու առումով: Արդյունքում պաշտոնական մակարդակում մենք ունեցանք «եւ-եւ»-ի քաղաքականություն, իրականության մեջ կանգնեցինք կողմնորշային «կամ-կամ»-ի քաղաքականության առջեւ եւ, թերեւս, ստեղծված իրավիճակը դրա լավագույն ապացույցն է»: