«Փոխզիջման մասին խոսում են միայն ՀՀ իշխանությունները» (տեսանյութ)
Այսօր Արցախի անկախության հռչակման 25-ամյակն է: «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ ԳԽ Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի գլխավոր փորձագետ Լարիսա Ալավերդյանը նշում է, որ սեպտեմբերի 2-ին ոչ թե հռչակվել է Արցախի անկախությունը, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: «Այս օրը Արցախը հռչակել է, որ դուրս է գալիս Ադրբեջանի հանրապետության կազմից»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա՝ հավելելով, որ անկախության հանրաքվեն եղել է հետագայում՝ դեկտեմբերի 10-ին, իսկ 1992 թվականի հունվարի 6-ին արդեն հռչակվել է Արցախի անկախությունը: Տիկին Ալավերդյանի խոսքով՝ Արցախի անկախության հռչակումը հեղաշրջման հավասարազոր մի գործընթաց էր, որտեղ հայությունը ցուցաբերել է վերին աստիճանի գրագետ եւ միջազգային իրավունքին համապատասխան քայլ: Հանդիպմանը ներկա՝ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն էլ նշեց, որ Արցախի Հանրապետությունը հռչակելով՝ մենք խաբել ենք ինքներս մեզ. «Արցախի անկախությունը նշանակում է մեր հաղթանակի չավարտվածությունը: Արցախը ճանաչվեց անկախ, որպեսզի միացվեր Հայաստանին, սակայն դա չեղավ: Հատկապես ապրիլյան պատերազմից հետո մենք պետք է անմիջապես ճանաչեինք Արցախի անկախությունը, անցկացնեինք հանրաքվե, որից հետո այն միացնեինք Հայաստանին»,-ասաց նա՝ հավելելով, որ Արցախն ամբողջությամբ կախված է Հայաստանից. «Որեւէ մեկն այդ մասին չի խոսում, բայց Հայաստանը Արցախին տարեկան տրամադրում է 100 միլիոն դոլար»: Տիկին Ալավերդյանը հավելեց, որ ինքը շարունակում է մնալ այն կարծիքին, որ Արցախը Հայաստան է, եւ վերջ: «Հենց Արցախի գործոնն է դարձնում Հայաստանը եւ հայկական գործոնը աշխարհում նշանակալի»,-նշեց նա: Խոսելով տարածքներ հանձնելու մասին՝ Լարիսա Ալավերդյանը նշեց, որ փոխզիջման մասին այսօր խոսում են միայն ՀՀ իշխանությունները. «Ադրբեջանը ոչ միայն պատրաստ չէ փոխզիջումների, այլեւ մեր իշխանությունների անդեմ քաղաքականության շնորհիվ մենք սպասարկում ենք Ադրբեջանի սին հույսերը, որ նա որեւէ իրավունք ունի, կարող է բռնակցել իրեն չպատկանող տարածքները»,-եզրափակեց նա: