Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Որեւէ մեկի ցանկությունը չէ «Նաիրիտը» վերացնելը». նախարար (տեսանյութ)

Տնտեսություն
arcvik

«Գործող օրենսդրությունը լիարժեք թույլ չի տալիս պայքարել մենաշնորհների դեմ»,-այսօր ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում ուսանողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով՝ նախարարությունում ստեղծվել է աշխատախումբ, որը համագործակցելով ՏՄՊՊՀ-ի եւ միջազգային կառույցների հետ, փորձելու է օրենսդրական փոփոխություններ անել արդեն հաջորդ տարվա համար: «Օրենսդրական բացը մեզ չի կաշկանդում, որ մենք մի քանի կարեւոր քայլեր իրականացնենք այս ուղղությամբ: Դրանցից առաջինը ներմուծումների  սահմանափակումների հնարավորինս մեղմացումն է, իսկ առանձին դեպքերում վերացումը: Երկրորդը՝ մեծածախ եւ մանրածախ շղթայի քանդում է, եթե կարելի է դա այդպես անվանել, երբ մեծածախ ներմուծողները կամ խոշոր արտադրողները դառնում են նաեւ մանրածախ վաճառողներ՝ ակնհայտորեն շուկայից դուրս մղելով այլ սուբյեկտների, որոնք զբաղված են միայն մանրածախ վաճառքով: Երրորդ քայլը՝ շուկայում դիրքեր գրավելու գործընթացները առավել հետեւողականորեն հսկելն է: Ցավոք, այսօր մեզ մոտ հանդիպում ենք դեպքերի, երբ որեւէ անձ շուկայում ձեռք է բերում որոշակի իշխանություն՝ արհամարհելով գործող օրենսդրական պահանջները, բայց նաեւ չկա համապատասխան լծակ, որպեսզի կասեցնես, չթողնես, կամ եթե կա այդ լծակը, ինչպիսին, օրինակ, տնտեսական մրցակցության պաշտպանության լիազորություններն են, այնքան լայն են հայեցողական լիազորությունները, որ  պարտադրանքը չի դառնում պետական մարմնի համար որպես պարտադիր գործադրվող նորմ»,-նշեց նախարարը: Անդրադառնալով կրթական ոլորտի խնդիրներին՝ Արծվիկ Մինասյանը նշեց, որ տնտեսության խնդիրներից մեկն էլ աշխատաշուկայի եւ կրթության կապի խզումն է, այդ իսկ պատճառով մեր երկրում շատ են տնտեսագետները եւ իրավաբանները, փոխարենը, նախարարի խոսքով, մոտ 60 հազար աշխատողի կարիք կա բարձր տեխնոլոգիաների ոլորտում. «Փորձում ենք լուծման տարբերակներ գտնել: Արդեն դպրոցներում պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում իրականցվում են ռոբոտաշինական եւ միկրոէլեկտրոնիկայի ծրագրեր»: Ինչ վերաբերում է «Նաիրիտը» գնելու՝ Սլովակիայից գործարար Աշոտ Գրիգորյանի առաջարկին, նախարարը նշեց, թե ինքը տեղյակ չէ դրանից, սակայն հավելեց, որ նման առաջարկները միշտ պատրաստ են քննարկել եւ աջակցել. «Որեւէ մեկի ցանկությունը չէ «Նաիրիտը» փակելը, վերացնելը: Շատ կարեւոր է, որպեսզի լուծումը լինի հիմնավոր, արդյունավետ, որպեսզի մենք մեր տնտեսական հսկային կարողանանք ոտքի կանգնեցնել»,-ասաց նա: Ի դեպ, նախարարը հրաժարվեց մեկնաբանել «Երևանի ՋԷԿ»-ի վաճառքի մասին լուրերը՝ նշելով, որ դա իր իրավասություններից դուրս հարց է: Հիշեցնենք, հարցին պատասխանել էր Էներգետիկայի նախարարությունը։