Արմեն Լամբարյանի խափանման միջոցը չփոխվեց (տեսանյութ)
Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի խափանման միջոցը փոխելու եւ գրավի դիմաց ազատ արձակելու բողոքը։ Արմեն Լամբարյանը հրաժարվել է մասնակցել դատական նիստին։ Ներկա չի եղել նաեւ դատախազը։ Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը նշում է. «Դատարանը հրապարակեց նաեւ Արմեն Լամբարյանի պահանջը, որով նա պահանջում էր իր նկատմամբ մահափորձ կատարած անձանց պատասխանատվության կանչել։ Լսելով իմ կողմից բերված փաստարկները, որ առկա չէ հիմնավոր կասկած, առկա չեն նաեւ հիմքերը նրա նկատմամբ կալանք ըտրելու, այնուամենայնիվ ես միջնորդեցի, որ եթե դատարանը գտնի, որ կալանքը պետք է կիրառվի, թույլատրի գոնե գրավի կիրառումը»։ Դատարանի որոշումը սպասելի էր թե փաստաբանի, թե իր պաշտպանյալի համար. «Միանշանակ վստահ էինք, որ դատարանը կկայացնի նման որոշում։ Լամբարյան Արմենը իմաստ չգտավ գալ դատարան։ Պատգարակով գալն իր համար խնդիր էր, ու իմաստ չտեսավ գալ։ Նա էլ վստահ էր, որ դատարանը կկայացնի նման որոշում»։ Արմեն Լամբարյանի հարազատները նիստը սկսվելուց շատ ավելի վաղ էին վերաքննիչ դատարան եկել։ 3 անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքում հիմա եկամուտի միակ աղբյուրը Արմենի հաշմանդամության թոշակն ու նպաստն են։ Երեխաները հազիվ են դիմանում հոր կարոտին։ Արմեն Լամբարյանի մայրը՝ Փիրուզա Լամբարյանը մեզ հետ զրույցում ասում է. «Փոքրը, ինչ ասեմ, որ գալիս եմ ասում է՝ տատ ես էլ եմ ուզում գամ պապայիս տեսնեմ, բայց պապային որտեղ տեսնի, լացում է, հնագստացնում ենք, որ դեռ չի կարելի»։ Քույրը՝ Կարինե Լամբարյանը փոխանցում է մեծ դստեր խոսերը. «Վարդուհին ասեց, որ ես գիտեմ՝ իմ պապան հատուկ մեզ համար չի դուրս եկել, բոլոր հայ երեխեքի համար հայ ժողովրդի համար, որպեսզի նրանց վիճակը լավ լինի, հիմա իմ պապան որտեղ էլ որ պառկած է, ես եմ իր գործը շարունակելու»։ Արմեն Լամբարյանի մայրը հիմա հիշում է որդու Արցախյան ազատամարտում անցած ուղին. «4-5 տարի կռվել է, վիրավորվել է Ֆիզուլիի Ճարտար գյուղում, 2-րդ կարգի հաշմանդամ է. ձախ ձեռքը լավ չէր աշխատում։ Ներքին արյունահոսություն էր ունեցել, սնայպերով խփել էին վզից դուրս էր եկել, վիճակը վիճակ չէր։ Հիմա նորից խփեցին»։ Արմեն Լամբարյանին դատապարտյալների հիվանդանոց էին տեղափոխել օգոստոսի 6-ին՝ պատգարակով։ Նա երկու ոտքերի հրազենային վիրավորում էր ստացել։ Առաջիկա 10-15 օրերի ընթացքում Էրեբունի բժշկական կենտրոնում նրան կրկին պետք է վիրահատեն։