Լ. Ալավերդյանը տեղին չի համարում ԼՂՀ սահմանադրական փոփոխությունները (տեսանյութ)
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը մտածում է՝ արդյո՞ք տեղին է այս պահին սահմանադրական փոփոխությունները ԼՂՀ-ում, քանի որ անվտանգության առումով խոցելի վիճակը ԼՂՀ-ում չի փարատվում, ընդհակառակը՝ ամրապնդվում է. «Գիտենք, որ վտանգը սպառնում է ամեն օր ու ամենուր, եւ այդ ժամանակ որեւէ կտրուկ փոփոխությունը, օրինակ՝ Հայաստանի նման, անցնելը խորհրդարանական համակարգի, ես տեղին չէի համարի»: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը համամիտ չէ: Ըստ նրա, Սահմանադրական փոփոխությունները ԼՂՀ-ում կարող են քաղաքական դաշտի և տնտեսական ապահովության առումով բավականին լուրջ ազդակներ հաղորդել: «Կարծում եմ՝ կլինեն բազմաթիվ առաջարկություններ, քննարկումներ և վերջնական արդյունքում ԼՂՀ ԱԺ-ն կընդունի սահմանադրական մի նոր նախագիծ, որը հանրաքվեով կհաստատվի նաև ԼՂՀ ժողովրդի կողմից: Կարծում եմ, որ Հայաստանն էլ պետք է իր աջակցությունն ունենա այդ ճանապարհին՝ որպես ԼՂՀ ժողովրդի և ԼՂՀ անվտանգության երաշխավոր: Բանախոսներն ընդհանուր հայտարարի չեկան նաեւ «Սասնա ծռերի» գործողությունների մասին խոսելիս: ՀՀԿ-ական պատգամավորը խմբավորման գործողությունները համարում է վտանգավոր մեր պետականության նկատմամբ. «Սա տիպիկ ահաբեկչություն է, զինված ահաբեկչություն, մտավախություն ունեմ, որ սա դրսից հրահրված էր, արդարացման նպատակով գցվեց այն խայծը, որ իբրեւ Հայաստանի իշխանությունները հողեր են հանձնում, եւ այս ամենը դրա դեմ էր, բայց դա այս խմբին միայն արդարացնելու համար էր»: Արտաքին ուժերի ազդեցությունը այս ամենում Լարիսա Ալավերդյանը բացառում է: Ըստ նրա, ամեն ինչ պետք է փնտրել միայն մեր մեջ. «Ցանկացած իրավիճակ, որը ստեղծվում է երկրի մեջ, պատասխանատվություն են կրում իշխանությունները, որովհետեւ նրանք չեն կարողանում լուծել այն խնդիրները, որոնք հնչեցվեցվում են արդեն 20 տարի»: