ԿԳ նախարարի հայտարարությունը զարմանք է առաջացրել (տեսանյութ)
Պետության պարտականությունն է ասել, թե ինչ առարկա պետք է անցնեն դպրոցում, ինքն է պատվեր տվողը. այսօր հայտարարեց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով, երեկ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հայտարարությանը, թե դպրոցներում առարկաներ կան, որոնք հայտնվում են դասացուցակում պետության, միջազգային կառույցների կամ եկեղեցու ճնշմամբ: «Պարոն Մկրտչյանը չգիտես ինչու դա գցեց դպրոցի վրա, թե ճնշում են. ոչ, դպրոցին ինչ ուսումնական պլան տալիս ես, էն անում են: Ոչ մի միջազգային կառույց ինքնագլուխ, առանց պետության, առանց նախարարի չի անում ոչ մի բան, զարմանում եմ պարոն Մկրտչյանի այդ հայտարարության վրա»,- նշեց տիկին Բախշյանը։ Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն էլ հավելեց. «Որեւէ միջազգային կառույց չի կարող դպրոցին պարտադրել մի առարկա, որը դեմ կլինի մեր ազգային անվտանգությանը: Կան, իհարկե, որոշ ՀԿ-ներ, որ առանց նախարարության հետ ճշտելու փորձում են մտնել դպրոց, դա խստիվ դատապարտվում է, նախարարությունը այստեղ պետք է զգոն լինի»: Նա հավելեց, որ կա դպրոցական բաղադրիչ՝ այսինքն, ազատ ժամաքանակներ, որտեղ յուրաքանչյուր դպրոց, ելնելով իր զարգացման պլանից, ինքը կարող է ընտրել, թե էլ ինչ առարկայի ուսումնասիրելու կարիք ունի համայնքը եւ ինչի կարիք ունի երեխան. «Դեռ ավելին՝ մենք առաջարկություն ունենք պարոն Մկրտչյանին, որ ավելի շատացնի դպրոցական բաղադրիչի ժամաքանակը, քանի որ այսօր նախասիրությունները բազմազան են, պետք է հնարավորություն տանք, որ առարկայացանկի մեջ մտնեն առարկաներ, որոնք նոր մարտահրավերների ֆոնին անհրաժեշտ են»: Ինչ վերաբերում է եկեղեցու ներգործությանը, ապա Անահիտ Բախշյանը նշեց. «Կրթության մասին օրենքում գրված է՝ հայ եկեղեցին մասնակցում է հայ մանուկի հոգեւոր կրթությանը, դա օրենք է»: