ԱԻՄ-ն առաջարկում է Անկախության տոնի առթիվ քաղբանտարկյալներին ազատել (տեսանյութ)
Անկախության տոնին ընդառաջ ԱԻՄ-ն առաջարկում է իշխանություններին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին. «Որպես բարի կամքի և ազգային համաձայնության ոգու դրսևորում՝ անկախության հանրաքվեի 25-ամյակի կապակցությամբ համաներումը սպասված քայլ է և էականորեն կբարելավի մեր ազգային-քաղաքական մթնոլորտը»,-նշեց ԱԻՄ ներկայացուցիչ Սուսաննա Գրիգորյանը։ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մանրամասնեց. «Նկատի ունենք ազատ արձակել բոլոր նրանց, ում մեղադրանքում կա քաղաքական հետապնդման կասկածի տարր։ Մենք հիշենք, որ 1998 թվականին բանտերից ազատ արձակվեցին մարդիկ՝ իրավիճակի փոփոխության հետ կապված: Կարծում եմ՝ սա հարմար առիթ է՝ ընդհանուր Հայաստանում մթնոլորտը փոխելու համար, շատ լավ հասկանալով, որ իշխանություններն առ այսօր որևէ բան չեն արել, որը մեզ տրամադրեր իրենց նկատմամբ հավատով տրամադրվելու»: Ո՞ւմ պետք է ազատ արձակել բանտերից, պարոն Հայրիկյանը նշեց. ««Սասնա ծռեր», Վոլոդյա Ավետիսյան, Շանթ Հարությունյանի խումբը: Մեզ համար շատ կարևոր է Կարո Եղնուկյանի դեպքը, նրա գործը բացառիկ անհեթեթ է: Կուզեինք, որ անկախության 25-ամյակի առիթով Հայաստանում քաղկալանավոր հասկացությունը վերացվեր»: